armenpress.am: Երևանի քաղաքապետարանում ներկայացվեց էլեկտրական տրանսպորտի զարգացման և կանաչ գոտիների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր, որը ներառում է մինչև 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերում, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացում և Դալմայի այգու վերականգնում։
Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագիրը ներկայացվելու է ՀՀ կառավարություն՝ քննարկման նպատակով։
«Նախնական ծրագիրն իր մեջ ներառում է մինչև 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնում, երկու ավտոբուսային դեպոների վերակառուցում և արդիականացում, ինչպես նաև մինչև 230 հա տարածքով քաղաքային այգու՝ Դալմայի այգու կառուցում։ Ծրագրում նախատեսվում է նաև մեկ մայրուղու պիլոտային արդիականացում՝ որպես առանձնացված տրանսպորտային երթուղի, կանգառային ենթակառուցվածքներով և համապատասխան հարմարություններով»,- նշեց Բաբայանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 200 միլիոն դոլար։ Նշվում է, որ այն ունի կոնցեսիոն բաղադրիչ և նախատեսվում է, որ ֆինանսավորման մի մասը կհատկացվի Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից։
comment.count (0)