Հայաստանում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է․ Փաշինյան
 |civilnet.am|
12:00 - 03 ապրիլի, 2025

Հայաստանում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 3-ի նիստին հայտարարեց, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում առկա է կադրերի սուր պակաս։ Քննարկվում էր դպրոցների տնօրենների թափուր տեղերի համալրման գործընթացը, երբ վարչապետը հնչեցրեց այս գնահատականը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ներկայում 437 դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, և դրանցից միայն 138-ում է հնարավոր եղել նշանակել նոր տնօրեն։ Այսինքն՝ կառավարությանը հաջողվել է համալրել միայն մոտ 32 տոկոսը։

Հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ յուրաքանչյուր 100 թեկնածուից միայն 13-ն է հաղթահարում դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանությունը։

Այս տեղեկությունն ստանալով՝ վարչապետը արձագանքեց, որ «Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ»։

Վարչապետն անդրադարձավ նաև իր՝ վարորդական վկայական ստանալու փաստին՝ նշելով, որ առանց քննության է ստացել վկայականը.

«Այո, կաշառք չեմ տվել, բայց հայտնի լրագրող էի, չմոտեցա անգամ տարածքին, բերեցին վկայականը ու տվեցին ու ասացին՝ շուտ գնա այստեղից»։

Փաշինյանը նշեց, որ այսօր շատ վարորդներ մեքենա վարել չգիտեն, բայց մեքենա են վարում և հավելեց. «Եթե կարելի է լինել վարորդ ու չիմանալ մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ»։

Վարչապետը շեշտեց, որ այդ ամենը կրկին ցույց է տալիս շարունակական ինքնակրթության ու զարգացման անհրաժեշտությունը։

Նա առաջարկեց ընդունել որոշումը, սակայն հետագայում քննարկել խնդիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել