Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա կմեկնի․ կքննարկի նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները

 |factor.am|
16:20 - 14 ապրիլի, 2025

Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա կմեկնի․ կքննարկի նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները |factor.am|

factor.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ Մոսկվա կայցելի։ Իրանի  ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այս մասին հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Mehr գործակալությունը։

Նշելով, որ Արաղչիի այցը Մոսկվա նախապես ծրագրված էր, Բաղային հավելել է, որ նա ռուս գործընկերների հետ խորհրդակցություններ կանցկացնի նաև Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։

«Արաղչին այս շաբաթվա վերջին կկատարի նախապես ծրագրված այց Մոսկվա և կօգտագործի այդ հնարավորությունը՝ Մասկատի բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար»,- նշել է Բաղային։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները շաբաթ Օմանում անցկացրել էին բանակցությունների առաջին փուլը։ Աբբաս Արաղչին ասել էր, որ իր պատվիրակությունը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ, այն բանից հետո, երբ նրանք դուրս են եկել բանակցություններից։

«2,5 ժամից ավելի անուղղակի բանակցություններից հետո Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ՝ բանակցություններից դուրս գալիս»,- հայտնել էր Արաղչին՝ հավելելով, որ բանակցությունները տեղի են ունեցել «արդյունավետ, հանգիստ և դրական մթնոլորտում»։

«Երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել բանակցությունները։ Հավանաբար, հաջորդ շաբաթ օրը։ Իրանական և ամերիկյան կողմերը ցանկանում են կարճաժամկետ համաձայնության հասնել։ Մենք չենք ուզում բանակցություններ հանուն բանակցությունների»,- նշել էր նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել