Ապրիլի 17-ին կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, որը նախատեսում է դրամաշնորհներ տրամադրել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին՝ մշակութային, կրթական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համար:
Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել այս որոշման դեմ՝ նշելով, որ այն ընդունվել է առանց պատշաճ քննարկումների և խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: 2022-ին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ ստորագրել էին Հուշագիր, համաձայն որի՝ մեդիա ոլորտին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց մասնագիտական կառույցների հետ քննարկման:
Կազմակերպությունները բարձրաձայնում են, որ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվի հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին, ոչ միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին: Բացի այդ, նշվում է, որ լիցենզավորված մասնավոր հեռուստաընկերություններն արդեն իսկ պարտավոր են օրենքով ապահովել մանկական, կրթական և մշակութային հաղորդումներ՝ շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի չափով:
Նրանք նաև մտահոգություն են հայտնում հիմնադրամի կանոնադրության նախագծի վերաբերյալ, որտեղ մի կողմից նշվում է, որ անթույլատրելի է միջամտությունը հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, մյուս կողմից՝ որ աջակցությունը միտված է պետության ուղերձները հանրայնացնելուն:
Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ կառավարությանը ժամանակավորապես կասեցնել որոշման կատարումը, նախաձեռնել քննարկումներ շահագրգիռ շրջանակների հետ և մշակել հայեցակարգային մոտեցումներ ամբողջ մեդիաոլորտի զարգացման համար:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
comment.count (0)