armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2025-2028 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը և դրան կից միջոցառումների ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը նպատակ ունի ստեղծել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայր՝ հիմնվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և վերլուծված փորձի վրա։
ՀՀ-ն անդամակցել է գենդերային հավասարության ապահովմանն ուղղված մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ 1993 թվականին վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (CEDAW), միացել է Պեկինի հռչակագրին և գործողությունների հարթակին 1995 թվականին, ինչպես նաև որդեգրել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները, որոնցից հինգերորդը վերաբերում է գենդերային հավասարությանը։
Գենդերային քաղաքականության պետական ռազմավարությունների մշակումը Հայաստանում սկսվել է 2010 թվականից, իսկ նախորդ ռազմավարությունն ընդգրկում էր 2019-2023 թվականները։ Նոր ռազմավարության մշակման հիմքում վերլուծվել են նախորդ շրջանի առաջընթացներն ու բացթողումները՝ միջազգային գործընկերների և տեղական փորձագետների մասնակցությամբ։
Նոր ռազմավարությամբ սահմանվել է վեց գերակա ուղղություն՝ կառավարման և որոշումների ընդունման մակարդակներում հավասար մասնակցություն, սոցիալ-տնտեսական և աշխատանքային հավասարություն, կրթության և գիտության ոլորտում գենդերային մոտեցումների կիրառում, առողջապահության ոլորտում հասանելիության և որակի ապահովում, գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելում, գենդերային բաղադրիչի ներառումը կլիմայական քաղաքականության մեջ։
Ռազմավարությունն ընդգրկում է ոլորտային խնդիրների վերլուծություն, նպատակներ, ակնկալվող արդյունքներ, ինչպես նաև դրանց իրագործմանը միտված գործողություններ՝ հստակեցված կատարող մարմիններով, վերջնաժամկետներով, արդյունքային ցուցանիշներով և ֆինանսավորման աղբյուրներով։
Նախաձեռնությունն ուղղված է հավասարության երաշխավորմանը ոչ միայն իրավական, այլև գործնական մակարդակում՝ հստակ մեխանիզմների և հաշվետու մոտեցման միջոցով։
comment.count (0)