«Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին». ակցիա կառավարության մոտ
 |news.am|
13:29 - 02 հունիսի, 2025

«Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին». ակցիա կառավարության մոտ |news.am|

news.am: Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 2-ին ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանության Հայ եկեղեցու։

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ իրականացրին։

Պարանի վրա լվացքի ամրակներով նրանք կախեցին պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ կային. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է», «Նզովք դավաճաններին, ամոթ լռողներին», «Խավարասերները հարձակվում են եկեղեցու վրա, որովհետեւ վախենում են լույսից», «Եկեղեցուն հարվածողը ծառայում է սատանային», «Քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլի կենակցին», «Նեռապաշտները հարվածում են սրբություններին», «Ով Հայ եկեղեցուն կոչում է այլասերված, ինքն է սրբապիղծը» և այլն։

Հիշեցնենք, մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ պետական մարմինների կողմից պետական գույքը վարձակալելուն ուղղված օրենքի նախագծի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում եկեղեցիների վիճակին՝ նշելով. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: [...] Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները»:

Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք սպասավորներ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է՝ եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված: 

Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան էլ գրել էր. «Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի շարք գրառումներ կատարեց՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով եպիսկոպոսների կուսակրոնության ուխտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել