azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկել են «Ռուսական համայնք» ազգայնական կազմակերպության հինգ անդամների տները՝ նախօրեին Վսեվոլոժսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, որի հետևանքով զոհվել է 37-ամյա հայաստանցի Գոռ Հովակիմյանը, իսկ նրա 24-ամյա ընկերուհին ցած է նետվել 7-րդ հարկից։
Ինչպես հաղորդում է «Ֆոնտանկա»-ն, ազգայնականները մայիսի 4-ի գիշերը ներխուժել են Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի բնակարաններից մեկը, կոտրել դուռը, էլեկտրաշոկով ու արցունքաբեր գազով հարձակվել բնակարանում գտնվող 46-ամյա տղամարդու վրա։ Վերջինիս անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նույն բնակարանում այդ պահին եղել է նաև հայազգի Գոռ Հովակիմյանը, ով ընկերուհու հետ փակվել է սենյակներից մեկում։ Երբ ազգայնականները սկսել են այդ սենյակի դուռը կոտրել, Հովակիմյանը հրդեհել է կահույքը, ինչի հետևանքով մահացել է, իսկ ընկերուհին կրակից փրկվելու համար ցած է նետվել պատուհանից։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ այրվածքներով և կոտրվածքներով։
Ազգայնական կազմակերպությունից ոստիկանությանը հայտնել են, թե իբր գնացել են այդ բնակարան, քանի որ բնակիչներից ահազանգ են ստացել «ներսից հնչող բռնության ձայների ու թմրամոլների» վերաբերյալ։ 47news կայքը, մինչդեռ, հաղորդում է, որ ազգայնականները մինչ այս հարձակումը փնտրել են Գոռ Հովակիմյանին իրենց հարթակներում։ Նրա լուսանկարը տարածվել է «Հետախուզվում է «Ռուսական համայնքի» համակարգողի դեմ մահափորձ նախապատրաստելու համար» մակագրությամբ։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով, ռուս իրավապահները հաղորդում են, թե կատարվում է քննություն:
comment.count (0)