civilnet.am: Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է ուկրաինական հակամարտության հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. մայիսի 6-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ իրենք հնարավոր սցենար են դիտարկում նաև ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։
Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և միջազգային մամուլի հրապարակումների` այս պատժամիջոցները կազդեն այն երկրների վրա, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ զգայուն, հատկապես ` բանկային և էներգետիկ ոլորտներում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաշերտ տնտեսական կապեր և մեծապես կախված է այդ երկրի շուկայից, ներդրումներից և էներգակիրներից։
Գալստյանը նշեց, որ միջազգային հանդիպումների ժամանակ իրեն ակնարկել են այս սցենարի հավանականության մասին:
Հայաստանը հատկապես խոցելի է այդ պատժամիջոցների հանդեպ: Երկրորդային պատժամիջոցները, որոնք կարող են ներառել պատժիչ տուրքեր, կսահմանվեն ոչ թե առանձին ընկերությունների, այլ ամբողջ երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում:
ԱՄՆ Սենատում արդեն պատրաստվում են ՌԴ-ի նկատմամբ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Համաձայն փաստաթղթի` 500 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրներից ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան կամ նավթամթերք:
Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստկացնում է ճնշումը Հայաստանի անմիջական հարևան Իրանի վրա, որի հետ, չնայած միջազգային պատժամիջոցներին, Հայաստանի փոխադարձ առևտուրն աճում է՝ 2024-ին հասել է 737 մլն դոլարի` նախորդ տարվա համեմատ աճելով 6,5%-ով:
«Սրանք անորոշությունները սաստկացնող գործոններ են»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի ընթացքում ամենահաճախ հնչող բառը «անորոշությունն» էր: «Ցանկացած խոսակցություն, որը սկսվում էր որևէ բանախոսի կողմից, այդ բառն առաջին նախադասության ամենագլխավոր մեխն էր»,- ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահի խոսքով՝ այսօր չկա որևէ ինստիտուտ, անհատ, տնտեսագետների խումբ կամ համալսարան, որը կարող է հստակ կանխատեսել զարգացումների ուղղությունը: Հատկապես փոքր բաց տնտեսությունների համար, ինչպիսին Հայաստանն է, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի:
Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնեց, որ իր կառավարությունը երկրորդային պատժամիջոցներ կկիրառի իրանական նավթի ցանկացած գնորդների դեմ: Իրանից Հայաստանը հիմնականում գազ է ներմուծում՝ բարտերային սխեմայով` էլեկտրաէներգիայի դիմաց, որը փոխադարձ առևտրի հիմնական ուղղությունն է՝ 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց: Հայաստանը Իրանից ներմուծում է նաև նավթամթերք, սակայն դրա մասնաբաժինն ընդհանուր առևտրում մեծ չէ:
Գալստյանի խոսքով՝ իր միջազգային հանդիպումների ժամանակ երեք հիմնական թեմաներ են ուշադրություն կենտրոնում` Ռուսաստան, Իրան և կրիպտոարժույթ:
Նրա խոսքով՝ Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է Ուկրաինական հակամարտության զարգացման երկու հիմնական սցենար: Առաջին սցենարով ենթադրվում է, որ հակամարտությունը հանգուցալուծվում է, և «դրական սենտիմենտ» է ձևավորվում, սանկցիաները վերացվում են, միջազգային առևտուրը և ֆինանսական հոսքերը վերականգնվում են:
Երկրորդ սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-ը չի կարողանում Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստանում են: «Դրա մասին մեզ հանդիպումների ժամանակ ակնարկել են, որը շատ հավանական սցենար է»,- ասաց ԿԲ ղեկավարը:
Ըստ ԿԲ նախագահի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների և գնահատի, թե ինչպես կարող են նոր պատժամիջոցները ազդել երկրի կենսական ոլորտների, մասնավորապես՝ էներգետիկայի վրա: «Արդյոք մենք կարո՞ղ ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին արտոնություն կտրվի», – ասաց Գալստյանը:
Նրա խոսքով` ԿԲ-ն իր քննարկումներում արդեն ներառել է տարբեր սցենարներ՝ ավելի պատրաստված լինելու միջազգային տնտեսական և քաղաքական շոկերին:
comment.count (0)