Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ
17:29 - 12 մայիսի, 2025

Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ

Երևանում մայիսի 11-ին դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ. այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում եմ ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով։

Ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևան քաղաքի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերակվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ նախորդող օրերի համեմատությամբ՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, ինչը 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Նախորդ օրվա՝ մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։

Մայրաքաղաքի մյուս դիտակայաններում փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություններ չեն արձանագրվել և գրանցված կոնցենտրացիաները գտնվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում, ինչը ենթադրաբար պայմանավորված է ուժեղ քամուն անմիջապես հաջորդած մթնլորտային տեղումներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել