Թռիչք և անկում. Հայաստանից ոսկու և թանկարժեք քարերի արտահանումը նվազել է 84%-ով
 |civilnet.am|
16:50 - 13 մայիսի, 2025

Թռիչք և անկում. Հայաստանից ոսկու և թանկարժեք քարերի արտահանումը նվազել է 84%-ով |civilnet.am|

civilnet.am: Ավելի քան երկու տարի շարունակ Հայաստանից թռիչքաձև աճող ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը սկսել է սրընթաց անկում ապրել` իր հետ ներքև տանելով մշակող արդյունաբերությունը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025-ի առաջին եռամսյակում Հայաստանից թանկարժեք մետաղների և քարերի արտահանումը կազմել է 532 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,3 մլրդ դոլարի համեմատ: Անկումը կազմել է 83,9%:

Նման միտում է նկատվել նաև ներմուծման ցուցանիշներում: Պաշտոնական տվյալներով` 2025-ի առաջին եռամսյակում թանկարժեք մետաղների և քարերի ներկրումը կազմել է 436 մլն դոլար՝ նախորդ տարվա 3,1 մլրդ դոլարի փոխարեն, որը համարժեք է 86,2% անկման:

Այս ցուցանիշների անկումը բացասական է անդրադարձել մշակող արդյունաբերության վրա: 2023-ի նոյեմբերից նկատվող ոսկու և թանկարժեք քարերի արտահանման ծավալների կտրուկ աճն ուղեկցվում էր մշակող արդյունաբերության, հիմնականում՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության կտրուկ բազմապատիկ ավելացմամբ:

Այժմ նկատվում է հակառակ միտումը: Այս տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերությունը նվազել է 26%-ով, իսկ ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը` 75,3%-ով:

Նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել է Հայաստանի առևտուրն իր հիմնական գործընկերների հետ: Դրանք այն երկրներն են, որոնք մասն էին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայի: Ռուսաստանից Հայաստան ընդհանուր ներկրումը 2025-ի հունվար-մարտին կազմել է 918 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 75% անկում:

Արտահանման ուղղությամբ նույնպես գրանցվել են բացասական միտումներ: Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը նվազել է 79%-ով՝ կազմելով 420 մլն դոլար, իսկ Չինաստան արտահանումը կրճատվել է 80%-ով՝ հասնելով 107 միլիոն դոլարի:

Թանկարժեք մետաղների և քարերի շրջանառությունը Հայաստանի արտաքին առևտրում ունեցել է զարգացման հստակ հետագիծ: Արտաքին առևտրում այս ապրանքախմբի կտրուկ աճը, իսկ հետագայում գերակա դիրքը սկսվեց դեռ 2022-ից, երբ այն աստիճանաբար վերածվեց Հայաստանի առևտրաշրջանառության առանցքային բաղադրիչի:

Հաջորդ տարիներին այս միտումն ավելի խորացավ՝ տեմպերի շարունակական արագացմամբ: 2023-ին թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը գրանցեց ավելի քան եռակի աճ՝ արտահանման ծավալը հասցնելով 3,2 մլրդ դոլարի, իսկ ներկրումը՝ 2,3 մլրդ դոլարի: 2024-ին, չնայած աճի որոշակի դանդաղմանը, ցուցանիշները մնում էին բարձր` ավելի ընդլայնելով ընդհանուր ծավալները:

Փորձագետները և նույնիսկ պաշտոնական շրջանակները հաստատում էին, որ այս ապրանքախմբի ներմուծման և արտահանման անսովոր աճը պայմանավորված էր Ռուսաստանից ներկրված ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայով, որի շրջանակներում այս ապրանքները Հայաստանի տարածքով հասնում էին ԱՄԷ և Չինաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել