Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտեն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Վիճակագրական կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի:

Կոմիտեի հիմնական առաքելությունն է հավաքագրել եւ հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության եւ հասարակության օգտագործման համար։ Կարեւորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը։ Ծառայության հիմնական խնդիրներն են՝

  • տնտեսական եւ հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
  • միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
  • պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
  • վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
  • վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձեւերի մշակման համակարգումը,
  • միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
  • պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
  • մարդահամարների անցկացումը:


Կոմիտեի նախագահն է Ստեփան Մնացականյանը, տեղակալը՝ Լեւոն Միրզոյանը, խորհդրականաը՝ Ջուլիետտա Միրզոյանը։

Առաջին կիսամյակում Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են ավելի քան 20 տոկոսով

Առաջին կիսամյակում Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են ավելի քան 20 տոկոսով

Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր օգտագործման տրանսպորտի միջոցներով ուղևորափոխադրումների ծավալը 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Հաշվետու ժամանակաշրջանում տրանսպորտի բոլոր միջոցներով փոխադրվել է 107 մլն 637.5 հազար մարդ: Հունիսին փոխադրվել է 17 մլն 960.8 հազար մարդ: Դա 8.6 տոկոսով քիչ է, քան մայիսին, սակայն 16.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը: Գերակշռում են ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները. տարվա առաջին կիսամյակում 2023-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցվել է 25 տոկոսով (87 մլն 830.6 հազար մարդ): Մայիսին տրանսպորտի այս միջոցով փոխադրվել է 14 մլն 454.1 հազար մարդ: Դա 10.6 տոկոսով քիչ է, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի ցուցանիշը գերազանցվել է 17.5 տոկոսով: Այս տարվա առաջին կիսամյակում տաքսիներից օգտվածների թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.4 տոկոսով. ՀՀ վիճկոմի ներկայացրած տվյալներն արտացոլում են միայն իրավաբանական անձանց կողմից իրականացված ուղևորափոխադրումների ցուցանիշը: Երկաթուղային տրանսպորտից օգտվածների թիվը տարվա առաջին կիսամյակում՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1 տոկոսով՝ 261.5 հազար մարդ: Հունիսին տրանսպորտի այս տեսակից օգտվել է 44.6 հազար հոգի: Դա 1.1 տոկոսով քիչ է մայիսի ցուցանիշից և նույնքանով գերազանցում է նախորդ տարվա հունիսի տվյալը: Օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխություն չի կրել: Հաշվետու ժամանակաշրջանում փոխադրվել է 2 մլն 397.6 հազար մարդ: Այս տարվա հունիսին եղել է 529.8 հազար ուղևոր՝ 21.4 տոկոսով ավելի, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 2.9 տոկոս է: Ներկայացված ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացված ուղևորափոխադրումների տվյալները: Հայաստանյան շարժակազմերով օդային ուղևորափոխադրումները 2024-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 25.9 տոկոսով՝ 599.9 հազար մարդ, որից 149.4 հազարը՝ հունիսին: Մայիսի համեմատ առկա է 33.9 տոկոսի աճ: Նշված թիվը 7.4 տոկոսով փոքր է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից: Այս տարվա առաջին կիսամյակում Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները (17 մլն 147.8 հազար մարդ) 16.3 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Հունիսին տրանսպորտի այս տեսակից օգտվել է 2 մլն 932.3 հազար մարդ՝ 2.5 տոկոսով պակաս, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 12.4 տոկոս է: Տրանսպորտի բոլոր միջոցներով ուղևորափոխադրումների առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայիսին՝ 19 մլն 659.8 հազար մարդ, նվազագույնը՝ հունվարին (16 մլն 65.5 հազար մարդ):   
19:31 - 14 օգոստոսի, 2024
Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի

Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ին հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի՝ միանգամից 46 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն: Դեկտեմբերին այն 72 տոկոսով բարձր է եղել 2022-ի նույն ամսվա և 17.7 տոկոսով՝ 2023-ի նոյեմբերի ցուցանիշից: Արտահանման ծավալը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով՝ հասնելով շուրջ 8. 415 մլրդ դոլարի: Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 2.4 անգամ, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ աճել է 27 տոկոսով: 2023-ին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 12.308 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 40.2 տոկոսով: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 33.2, իսկ 2023-ի նոյեմբերի՝ 9.2 տոկոս: 2023-ի հունվար-դեկտեմբերին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 392.48 դրամի հաշվարկով:
16:32 - 31 հունվարի, 2024
Քննարկվել է Վիճակագրական կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Քննարկվել է Վիճակագրական կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: Նշվել է նաև, որ 2023թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը թվով 2-րդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024թ. հոկտեմբերին: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և նշել. «Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք: Արհեստական ինտելեկտով և օրթոֆոտո պատկերներով տվյալը պետք է գեներացվի և դա արտահայտվի մեր վիճակագրության մեջ, որպեսզի մենք իմանանք այս տարի խաղողի մթերման պոտենցիալ թիվն ինչքա՞ն է, որովհետև գիտենք, որ այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան մի քանի տարբեր նպատակադրումներով, հիմա տեխնիկան այնքան է զարգացել: Նույնն էլ մշակվող և չմշակվող, ոռոգվող և չոռոգվող հողերի մասին է, ենթադրում եմ՝ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որովհետև տվյալները հնարավոր է ճշգրտել մինչև հողի խոնավության աստիճանը և այլն: Հաջորդը՝ օրինակ, մենք ունենք նույն խնդիրը նորմատիվային և գերնորմատիվային հողերի հետ կապված: Սա ինչո՞վ է կարևոր, որ մեզ հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել: Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամեն ինչը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»: Տեղեկացվել է, որ կարողությունների զարգացման և օրթոֆոտո պատկերների ստացման ուղղությամբ Վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ: Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, Արմստատը, Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (ՏՏՀՍ) անդամ, նախաձեռնել է ԱՄՀ-ի Տվյալների ստանդարտների նախաձեռնությունների 3-րդ՝ ներկայում ամենախիստ և պարտադիր պահանջներով, մակարդակի՝ «ՏՏՀՍ պլյուս»-ին անդամակցության աշխատանքները, որի շրջանակում հստակեցվել են արդեն իսկ ներկայացվող և հետագայում պահանջվող տվյալները, մեթատվյալները և անդամակցման անհրաժեշտ քայլերը: ՓՄՁ վիճակագրության կատարելագործման նպատակով 2023թ.-ին կազմվել են 2022թ. հաշվետու տարում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների (գերփոքր, փոքր, միջին, խոշոր) կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի, այդ թվում՝ շահութահարկի, ավելացված արժեքի, շրջանառության, ակցիզային և եկամտային հարկերի գծով ամփոփ աղյուսակներն՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի  բաժինների ու տնտեսվարողների չափերի, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված համապատասխան անվանական տվյալների: 2023թ.-ին Արմստատը, համագործակցելով Համաշխարհային բանկի և «Էկոսերունդ» բնապահպանական, սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության հետ, Եվրամիության ֆինանսա­վորմամբ իրականացրել է «Տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» հետազոտու­թյուն, որի ամբողջական արդյունքները հրապարակվել են Արմստատի պաշտոնական կայքում: Ներդրվել են բարձր տեխնոլոգիական մակարդակի և գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դասակարգչային հավաքական խմբավորումներ, որոնց կիրառմամբ ցուցանիշները նախատեսված է հրապարակել փետրվարի 5-ին: 2023թ.-ին իրականացվել են «Էլեկտրոնային հաշվետվությունների հավաքման, պահպանման և մշակման վեբ-հարթակ»-ի ամբողջականացման և թեստավորման-պիլոտային աշխատանքներ 2 ուղղու­թյամբ. ադմինիստրատիվ պորտալում՝ Արմստատի ստորաբաժանումների մասնակցությամբ և հանրային պորտալում՝ ռեսպոնդենտների մասնակցությամբ: Դրա արդյունքում, 2024թ. փետրվարի 1-ից գործարկվելու է Արմստատի «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգը»: ՊԵԿ-ի օժանդակությամբ  իրազեկումը իրականացվում է նաև ՊԵԿ-ի հարթակով: Արմստատի պաշտոնական կայքի գլխավոր էջում ստեղծվել է «Ինֆոգրաֆիկա»խորագրով նոր բաժին, որի ներքո ներկայացված ցուցանիշների ինֆոգրաֆիկ պատկերավորումների կազմն ու բովանդակությունը շարունակաբար արդիականացվում են: Արդիականացվել են 140 վիճակագրական արտադ­րանքի որակի հռչակագրեր՝ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունք­ների և Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի և Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM, տարբերակ 5.0) հենքով, ինչպես նաև քարտեզագրվել են Արմստատի գործառույթները (վիճակա­գրա­կան և ոչ վիճակագրական) Վիճակա­գրա­կան կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) համաձայն: 2023թ.-ին ներդրվել է Եվրոստատ (Eurostat) և ՄԱԿ-ի վիճակագրական բաժին (UNSD) ներկայացվող POPSTAT տվյալների հավաքածուի 2022թ. հաշվետու տարվա համար՝ բնակչության թվաքանակի, բնական շարժի և միգրացիայի տվյալների SDMX միջազգային ստանդարտի ձևաչափով փոխանցման գործիքակազմը՝ սահմանված EDAMIS հաշվետվությունների համակարգի միջոցով: Առաջնորդվելով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 10-րդ՝ «Միջազ­գային համագործակցություն սկզբունքի պահանջներով՝ ապահովվել է մշտական համագործակ­ցությունը միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ՝ միտված վիճակագրական պրակտիկայում միջազգային չափանիշներին/ստանդարտներին համադրելիությանը և պաշտոնական վիճակագրության շարունակական զարգացմանը: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մշտական հիմունքներով իրականացվող հետազոտություններից և դիտարկումներից բացի, 2023թ.-ին նախաձեռնվել է «Ժամանակի օգտագործման միանվագ հետազո­տությունը»՝ ՄԱԿ Կանայք-ի մեթոդաբանական ու ֆինանսական աջակցությամբ:
18:23 - 22 հունվարի, 2024
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը  չեն. ազգային տվյալներ

Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. ազգային տվյալներ

Օրեր առաջ սոցիալական ցանցերում լայն քննարկումների առիթ դարձավ մի վիճակագրություն, ըստ որի՝ աշխատուժում կանանց ներգրավվածությամբ Հայաստանը 180 երկրների մեջ առաջինն է։ Ըստ տարածվող ինֆոգրաֆիկայի՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 52,76%-ը կանայք են եղել։ Երկրորդ հորիզոնականում Թուրքմենստանն է 52,61%-ով, իսկ առաջին եռյակը եզրափակում է աֆրիկյան Բուրունդի պետությունը՝ 51,96%-ով։ Այս վիճակագրությունն ամփոփել և սանդղակով հրապարկել էր ամերիկյան Qualtrics փորձի կառավարման (experience management) ընկերության թիմը։ Համեմատության համար նշենք, որ ըստ այս ցուցանիշների՝ աշխատուժում կանանց ներգրավվածության տոկոսի աշխարհի միջին ցուցանիշը 39,49% է։  Qualtrics-ի հրապարակման մեջ որպես տվյալների աղբյուր՝ նշվում է Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների շտեմարանը։ Իսկ այս շտեմարանում նշված է, որ գնահատականները հիմնված են Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության բաժնի կողմից ստացված տվյալների վրա:  Համաշխարհային բանկի տվյալները, սակայն, չեն համապատասխանում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ազգային տվյալներին, ըստ որի՝ Կանայք 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 43.97%-ն են կազմել։  Ի՞նչ է ասում ազգային վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023» ժողովածուի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժը կազմել է մոտ 1 մլն 311 հազար 300 մարդ՝ մշտական բնակչության շուրջ 44%-ը։ Աշխատուժում ներգրավված կանանց թիվը կազմել է 576 հազար` ընդհանուրի 43,97%-ը, իսկ տղամարդկանց թիվը՝ մոտ 734 700, որն ընդհանուրի 56.03%-ն է։ Աշխատուժում ներգրավվածություն դեռ չի նշանակում զբաղվածություն։ Ազգային վիճակագրության հիմքում աշխատուժի հետազոտությունն է, որի համար աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից և ակտիվության աստիճանից կախված առանձնացվում են միմյանց բացառող երեք խումբ` «զբաղված» կամ «գործազուրկ» կամ «աշխատուժից դուրս բնակչություն»: Աշխատուժը զբաղվածների և գործազուրկների հանրագումարն է, որտեղ ընդգրկվում են 15-74 տարեկան անձինք:  2022 թվականին Հայաստանի՝ 15-74 տարեկան իգական սեռի բնակչության 48%-ը և արական սեռի բնակչության 71%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք։ Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 կնոջից 5-ը և յուրաքանչյուր 10 տղամարդուց 7-ը ներգրավված է եղել աշխատուժում։ Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը Աշխատանքի միջազգային կոմիտեն իր հաշվարկներում ներառում է 15 և բարձր տարիքի անձանց, իսկ Հայաստանի վիճկոմի վիճակագրությունում այդ միջակայքը 15-74 տարեկանն է։     Միջազգային կազմակերպություններն իրենց հետազոտությունների վիճակագրության համար օգտվում են համապատասխան երկրների ազգային աղբյուրներից, եթե դրանք կան։ Համաշխարհային բանկի տվյալների մեթոդաբանության համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մոդելավորած գնահատումները և կանխատեսումները 2020 թվականին և դրանից հետո ենթակա են էական անորոշության: Դա պայմանավորված է տվյալների սակավությամբ։ ՀՀ Վիճակագրության կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի խոսքով Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) օգտագործում է երկրի սկզբնական տվյալները, սակայն կազմակերպության ամենակարևոր առաքելություններից մեկն է նաև ապահովել երկրների միջև համադրելիությունը։ «Հաշվի առնելով, որ երկրները այդ ցուցանիշների հաշվարկման տարբեր պրակտիկաներ ունեն, ԱՄԿ-ն միասնական մեթոդաբանություն է մշակում արդեն ազգային տվյալների հիման վրա՝ հնարավորինս նույնականացնելով միջազգային համադրումները»,- պարզաբանում է Լուսինե Քալանթարյանը։  Այն դեպքում, երբ որոշ երկրներ սակավ տվյալներ են ունենում (չեն վարում վիճակագրություն), ԱՄԿ-ն ցուցանիշները գնահատում է անուղղակի աղբյուրներով։ Իսկ եթե երկրները վիճակագրություն վարում են, սակայն այդ պահին տվյալ տարվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, ԱՄԿ-ն ժամանակային շարքերի հիման վրա, կիրառելով մոդելավորման տարբեր գործիքներ՝ արտաբերում է ազգային ցուցանիշները։ «Որպես կանոն դրանք միշտ տարբեր են ազգային էջերում հրապարակված տվյալներից, որովհետև նպատակը երկրների միջև ցուցանիշը համեմատելի և համադրելի դարձնելն է», - նշում է Լուսինե Քալանթարյանը։ Համեմատելով 2017-2022 թվականներին աշխատուժում կանանց ներգրավվածությունը՝ ըստ Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրության տվյալների՝ նկատում ենք, որ Համաշխարհային բանկի տվյալները աճի միտում ունեն. 2017 թվականի 50.9%-ը աճում է՝ 2022-ին դառնալով 52.8%։ Մինչդեռ Վիճակագրական կոմիտեի տվյալները տատանվում են. 2017-2019 թվականներին նվազում են՝ 47.49%-ից դառնալով 44.33%, 2020 թվականին աճում են՝ դառնալով 45.66%, իսկ 2021 թվականից կրկին նվազում են՝ 2022-ին դառնալով 43.97%։ Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը ազգային վիճակագրության և Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների էական տարբերությունը մտահոգիչ է համարում։ Եթե հաշվի առնենք անգամ մեթոդաբանական որոշ տարբերությունները՝ օրինակ՝ այն, որ ԱՄԿ-ն օգտագործում է նաև 75-ից բարձր տարիքային խմբի ցուցանիշները, պատկերը շեշտակի չի փոխվում։ «Սա մտահոգիչ է, մի քանի տոկոսի պլյուս-մինուս տարբերություն չէ, որ ասենք՝ գնահատումների տարբերությունը կարող է բերել։ Ըստ իս՝ բավականին մեծ տարբերություն է, լրիվ հակառակ միտում է ցույց տալիս»։  Լուսինե Քալանթարյանի խոսքով ազգային կարիքների համար օգտագործելու համար ազգային վիճակագրությունն ավելի ճշգրիտ է։ Նա նաև նշեց, որ պատրաստվում է դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ տվյալները ճշտելու։ Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով Լյուսի Մանվելյան
10:54 - 05 դեկտեմբերի, 2023
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ  ավելացումը կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով: 2023 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.1 տոկոս: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 86.9 տոկոսով:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 93.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 83.3 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիս ամիսներին կազմել է 390.41 դրամ:
14:30 - 26 հունիսի, 2023
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ |armeniasputnik.am|

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, այսինքն՝ 202 հազար 489 հազար մարդ ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջում։  Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40 (նախորդ տարի՝ 108 976 մարդ): Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 (նախորդ տարի՝ 56 519 մարդ): Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ): Հնգյակը եզրափակում են Ֆիլիպինների քաղաքացիները՝ 5981 մարդ, իսկ նախորդ տարի նրանք եղել են 2036-ը։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է (1244 մարդ), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշվում է նաև, որ 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էլ է ժամանել Հայաստան, սակայն այս տարի նույն ժամանակահատվածում ոչ ոք չի եկել։
13:43 - 08 մայիսի, 2023
ՀՀ մշտական բնակչության թիվը 2022-ին կազմել է 2 928 914 մարդ․ հրապարակվել են մարդահամարի նախնական ցուցանիշները

ՀՀ մշտական բնակչության թիվը 2022-ին կազմել է 2 928 914 մարդ․ հրապարակվել են մարդահամարի նախնական ցուցանիշները

ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ․ մարդահամարի նախնական տվյալները։ Ըստ հրապարակված տվյալների՝ ՀՀ մշտական բնակչության թվի ցուցանիշը 2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ կազմել է 2 928 914 մարդ:Մշտական բնակչության թիվը ներառում է ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա, ինչպես նաեւ ժամանակավոր բացակա բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարը։ Իսկ ժամանակավոր բացակաները ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց մարդահամարի պահին ՀՀ-ից մինչեւ մեկ տարի ժամկետով բացակա անձինք են: 2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ առկա բնակչության թիվը կազմել է 2 638 917 մարդ։Առկա բնակչության թիվը ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր ներկա բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարն է: Ժամանակավոր ներկաների թվում են մարդահամարի պահին ՀՀ-ում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով գտնվող եւ մշտապես չբնակվող անձինք: 2001 թվականի մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 213 011, առկա բնակչության թիվը՝ 3 002 598 մարդ։ Իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 018 854, առկա բնակչության թիվը՝ 2 871 771 մարդ։   Մեթոդաբանությունը   Վիճակագրական կոմիտեն հաղորդել է, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված մարդահամարների 2020թ. շրջափուլի շրջանակում, ըստ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական տարածաշրջանի երկրների համար նախատեսվել է տվյալների հավաքման երեք եղանակ՝ ավանդական, վարչական ռեգիստրներով եւ համակցված:   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում առկա են «ՀՀ Բնակչության պետական ռեգիստրը» եւ պետական սահմաններով անցումների վարչական ռեգիստրը (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը) եւ առաջնորդվելով վերոհիշյալ հանձնարարականով՝ ի տարբերություն 2001 եւ 2011թթ. մարդահամարների, որոնք անցկացվել էին ավանդական եղանակով, ՀՀ 2022թ. մարդահամարն առաջին անգամ անցկացվել է համակցված եղանակով:   Մասնավորապես, ՀՀ 2022թ. մարդահամարն իրականացվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, որին հատուկ ծրագրային ապահովման միջոցով համակցվել են ՍԷԿՏ համակարգի, ինչպես նաեւ 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից մարդահամարի ծրագրով հավաքված տվյալները:   Ընտրանքային եղանակով հավաքված տվյալները կշռվել են ըստ բնակչության ընդհանուր թվաքանակի: Բնակչության ռեգիստրի եւ ՍԷԿՏ համակարգի տվյալների համակցմամբ արձանագրվել են նաեւ ՀՀ-ում ժամանակավոր (մինչեւ 12 ամիս ժամկետով) եւ մշտապես (12 ամսից ավել ժամկետով) բնակվող օտարերկրացիների վերաբերյալ տվյալները:   Մարդահամարի ծրագրով ընտրանքային հարցումներն իրականացվել են 2067 հաշվարարների կողմից, որոնց աշխատանքները համակարգվել են 414 հրամանգիչ-հսկիչների եւ 27 համակարգողների կողմից:   Հաշվառումն իրականացվել է մարդահամարի հաշվառման պահի՝ 2022թ. հոկտեմբերի 13-ի ժամի դրությամբ: Հաշվառվել են ՀՀ-ում գտնվող (մշտապես եւ ժամանակավոր) բոլոր անձինք (ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիրություն չունեցող անձինք), ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահի դրությամբ բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):   Մարդահամարի տվյալների առաջին ստուգաճշտման ամփոփումներով ստացվել են ՀՀ առկա եւ մշտական բնակչության թվաքանակների նախնական ցուցանիշները, որոնք եւ ներկայացրինք վերեւում։   Լուսանկարն՝ armenpress.am-ի
17:33 - 28 ապրիլի, 2023
Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ

Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ

Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ: Չզեկուցվող հարցերի փաթեթով նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը ապրիլի 13-ի նիստի ժամանակ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդի գործառույթներն են․ •  Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացմանն ու օտարերկրյա պետության պետական մարմիններում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանն աջակցելը,•  Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին, միջազգային կազմակերպությունում ընթացող գործընթացների և կազմակերպության անդամ երկրների արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, •  Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը,•  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը նպաստելը,•  Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը, միջազգային կազմակերպության բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը,•  Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանն աջակցելը,•  առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը,•  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և այլ պետական մարմինների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեության համակարգումն ու աջակցության ապահովումը,•  Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ԳԴՀ կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ որոնելը,•  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին, բիզնես-ֆորումներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպմանն աջակցելը,•  Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը նպաստելը: «Երկկողմ համագործակցության տեսանկյունից Հայաստանի համար կարևորվում է հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի օրակարգում ընդգրկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, առկա ծրագրերի կատարման ընթացքը և հեռանկարները, երկկողմ համագործակցության ընդայնման հետագա քայլերը»,- նշված է հիմնավորման մեջ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով  (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։
11:17 - 13 ապրիլի, 2023
Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին |civilnet.am|

Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մարտի 11-ին «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման ժամանակ իր ելույթում խոսելով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի զարգացման մասին, հայտարարել էր, որ 2022-ին այս ոլորտի ծավալը գերազանցել է ռեկորդային 1 մլրդ դոլարը։ «2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը»,- հայտնել էր Արշակյանը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել էր Վիճակագրական կոմիտեի 2022-ին և նախորդող տարիներին ԲՏԱ վերաբերող տվյալները և հայտնաբերել, որ դրանք չեն համընկնում նախկինում ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արշակյանի հայտնած թվերին։ Այս անհամապատասխանությունը, պարզվեց, բացատրություն ունի։ Ըստ Վիճկոմի՝ ՏՏ ոլորտի շրջանառությունը 676,2 մլն դոլար է եղել Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022-ի հունվար-դեկտեմբերին «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտում ծառայությունների ծավալը (շրջանառությունը) կազմել է 294,6 մլրդ դրամ կամ 2022-ի միջին փոխաժեքով 676,2 մլն դոլար։ Նշվում է, որ «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտի ցուցանիշի տվյալների աղբյուրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն է։ Նախորդ տարի՝ 2022-ին, ՏՏ ոլորտում արձանագրված 294,6 մլրդ դրամ շրջանառությունը շուրջ 75 տոկոսով ավել է 2021-ին գրանցված 167,7 մլրդ դրամ ցուցանիշից և ռեկորդային՝ վերջին 5 տարիների համար: Փոխխոսնակը պարզաբանում է՝ հաշվարկը այլ կերպ է կատարվել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ իր հայտարարած թվերի հիմքում ընկած է ոչ թե ՏՏ ոլորտի վիճակագրությունը, այլ իր կատարած վերլուծությունը՝ հիմնված ԲՏԱ ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական գործունեության դասակարգիչներում գրանցված շրջանառության տվյալների վրա։ «Ըստ նշված վերլուծության՝ 2022-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառությունը գերազանցում է 425 մլրդ դրամը, իսկ ոլորտում զբաղվածների թիվը գերազանցում է 43 000-ը»,- հայտնեց Արշակյանը։ Արշակյանը նաև նշեց, որ ԲՏԱ նախարարության և Վիճկոմիտեի հետ քննարկվում է ԲՏԱ ոլորտի ծավալի հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը՝ ներառելով այլ ծառայության տեսակներ ևս։ Պետեկամուտների կոմիտեից խնդրեցինք տրամադրել այն տնտեսական դասակարգիչներով ոլորտների շրջանառության տվյալները, որոնք նշել էր ԱԺ փոխխոսնակը։ Այսպես, ըստ ՊԵԿ-ի՝ նշված ոլորտների իրացման շրջանառությունը 2020-ին կազմել է 165,1 մլրդ դրամ, 2021-ին՝ 238,4 մլրդ դրամ, իսկ արդեն 2022-ին ծավալը կազմել է ռեկորդային 510,8 մլրդ դրամ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:15 - 12 ապրիլի, 2023
Տարածվել է 23 ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց. վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը

Տարածվել է 23 ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց. վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել է 2022թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել է 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: Նշվել է, որ 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն այն առաջին անգամ անց է կացվել համակցված մեթոդով: Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը և այլն: Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է համագործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի  հետ: ԵՄ մեթոդաբանության հիման վրա աշխատանք է տարվել ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ: Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների 30-ամյակի համատեքստում՝ իրազեկման միջոցառում է իրականացվել Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի հետ համատեղ: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը: Առաջիկայում նախատեսվում է նաև վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում: Հաշվետվության վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակում: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհուրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները, այդ թվում՝ տեղեկությունների աղբյուրների ընդլայնման, ըստ որոշակի չափանիշների՝ գյուղացիական տնտեսությունների  իրավական կարգավիճակի և դրա սահմանման բացակայության խնդրի կարգավորման, ռեսպոնդենտների հաշվետվողականությունը խթանող իրավակարգավորումների լավարկման և այլ ուղղություններով: Վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմք ունենալով հասանելիության իրավական կարգավորումները: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը: Քննարկման արդյունքներով՝ Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
16:27 - 27 մարտի, 2023
2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 90.2%-ով աճել է՝ հիմնականում ՌԴ քաղաքացիների շնորհիվ
 |hetq.am|

2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 90.2%-ով աճել է՝ հիմնականում ՌԴ քաղաքացիների շնորհիվ |hetq.am|

hetq.am: 2022 թվականին Հաաստան է ժամանել 1 665 658 զբոսաշրջիկ: 2021 թվականի համեմատ այս թիվն աճել է 90.2%-ով: Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները վկայում են, որ զբոսաշրջիկների գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են: 2022 թվականին որպես զբոսաշրջիկ Հայաստան է ժամանել 790 397 ՌԴ քաղաքացի: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 2.2 անգամ: Մեծապես ՌԴ քաղաքացիների շնորհիվ է, որ 2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվն էապես աճել է: Մեծացել է Ռուսաստանի կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների կազմում: Եթե 2021 թվականին այն 40.2% էր, ապա 2022-ին հասել է 47.5%-ի: Ռուսաստանցիների ներհոսքը մեծացավ հատկապես մարտից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Ի տարբերություն ՌԴ քաղաքացիների՝ Ուկրաինայի քաղաքացիների հոսքը նվազել է 18.3%-ով՝ կազմելով 18 149: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում առաջին հնգյակում են նաև դրսում ապրող, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, ինչպես նաև՝ Վրաստանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացիները: Այս ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք ինչպես Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն՝ ըստ առաջին հնգյակի երկրների ու նրանց ունեցած տեսակարար կշռի, այնպես էլ՝ առաջին տասնյակում ներառված երկրների ցուցանիշները՝ 2021 և 2022 թվականներին: Ինչպես երևում է, կտրուկ աճել է նաև Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 2.5 անգամ: Առհասարակ, առաջին տասնյակում ներառված բոլոր երկրներից, բացառությամբ Ուկրաինայի, զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Հիշեցնենք, որ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: 2.6 անգամ աճել է Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը 2022 թվականին Հայաստանից այլ երկրներ է մեկնել 1 138 539 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 2.6 անգամ:
14:18 - 08 փետրվարի, 2023
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով
 |armenpress.am|

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-օգոստոսին 13.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.2 տոկոսով: Շինարարության ծավալը 2022-ի առաջին 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով: Առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-օգոստոսին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 13.6 տոկոս: Հայաստանում այս տարվա առաջին 8 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով: 2022 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 8.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 56.2 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 453.27:
13:21 - 26 սեպտեմբերի, 2022
Որքան է Հայաստանի բնակչության թիվը, քանիսն են կին և քանիսը՝ տղամարդ. Ժողովրդագրական տվյալներ

 |armenpress.am|

Որքան է Հայաստանի բնակչության թիվը, քանիսն են կին և քանիսը՝ տղամարդ. Ժողովրդագրական տվյալներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ: Նրանցից 1 միլիոն 564 հազար 500-ը կին են, 1 միլիոն 397 հազար 400-ը՝ տղամարդ: Քաղաքներում բնակվում է 1 միլիոն 890 հազար 200 մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 071 հազար 700 մարդ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝  բնակչության ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2011թ. մարդահամարի հիմքով: Հայաստանում 2022թ. հունվար-հունիսին, ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 108.0-ի համեմատ: Հանրապետությունում 2022թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 278 դեպք` 2021թ. հունվար-հունիսին արձանագրված ամուսնալուծության 246 դեպքի համեմատ: 2022թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 7 հազար 926 ամուսնություն և 2 հազար 207 ամուսնալուծություն: Ծնվել է 16 հազար 511, մահացել՝ 14 հազար 679 մարդ. բնական հավելաճը կազմել է 1 832: 2022թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.1 տոկոսը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.4 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 15.5 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հայաստանի 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 585 մարդ (245 տարեց և 340 0-15 տարեկան երեխա): ՀՀ վարչատարածքային բաժանման հիմքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներն են, որոնց համաձայն ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի և Երևան քաղաքի: Հայաստանում կա 49 քաղաք և 953 գյուղ:
09:54 - 11 օգոստոսի, 2022