ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ռազմագերիներ փոխանակել․ նոր մանրամասներ բանակացությունների արդյունքից
18:32 - 16 մայիսի, 2025

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ռազմագերիներ փոխանակել․ նոր մանրամասներ բանակացությունների արդյունքից

Ռուսաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ գոհ է այսօր Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններից և որ դրանք շարունակվելու են։ Այս մասին հաղորդում է Sky news լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է նաև Ուկրաինայի առաջարկի մասին՝ կազմակերպել ուղիղ հանդիպում նախագահներ Զելենսկու և Պուտինի միջև։ Նա հայտարարել է նաև լայնածավալ ռազմագերիների փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց։

Մոսկվան և Կիևը համաձայնել են ներկայացնել իրենց տեսլականը հրադադարի վերաբերյալ, որից հետո բանակցությունները կշարունակվեն։

Ու չնայած ռուսական կողմի արձագանքին՝ եվրոպացի առաջնորդները «անընդունելի» են համարել ռուսական կողմի մոտեցումը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում խոսելով լրագրողների հետ, հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որին հաջորդել է հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Ռուսական դիրքորոշումը ակնհայտորեն անընդունելի է, և սա առաջին դեպքը չէ։ Այդ հանդիպման և հեռախոսազրույցի արդյունքում այժմ մենք մեր [խմբ․- եվրոպական առաջնորդների] արձագանքները միավորում ենք և շարունակելու ենք գործել միասին», - ասել է Սթարմերը։

Նա ներկայում գտնվում է Ալբանիայում՝ Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։

Լուսանկարը՝ Reuters-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել