factor.am: Հայաստանի կոնյակագործներն ու բեռնափոխադրողները կրկին ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի դիմաց՝ դժգոհելով մաքսային ընթացակարգերում վրացական կողմի առաջացրած խնդիրների դեմ։
Ըստ կոնյակագործների՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Ակցիայի մասնակիցներից երկու ներկայացուցիչներ դեսպանատանը հանդիպումից հետո հայտնեցին, որ խնդրի լուծման տարբերակներ չեն առաջարկվել։
«Ասում են՝ դիմեք Վրաստանի դատարան, այնտեղ լուծեք ձեր հարցերը»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։
Հանդիպումից հետո ակցիա իրականացնողները երկկողմանի փակեցին Ծարավ Աղբյուրի փողոցը։ Նրանք «Հանուն հայ-վրացական բարեկամության», «Մի՛ խաթարեք հայ-վրացական բարեկամությունը» գրություններով պաստառներով են և վանկարկում են՝ «Արդարությո՛ւն»։
Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է և ինքն անձամբ մեկնելու է Վրաստան՝ այս հարցին լուծում տալու համար։
comment.count (0)