azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 15-ին վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Մայիսի 7-ին վարչապետն ու Կառավարության անդամները խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում: Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև նրանց «համբալ»-ով դիմեց։
Ընդդիմությունից վարչապետի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները սպառնալիք համարեցին՝ չբացառելով, որ կդիմեն իրավապահներին:
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, «համբալ», «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Անկուսակցական պատգամավորը հանձնաժողովից հանրային բաց ու թափանցիկ քննություն է պահանջել։
Գլխավոր դատախազը խորհրդարանում միջադեպը քաղաքական է որակել:
comment.count (0)