Չեղարկվեց ԱԺ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը |aravot.am|
10:27 - 26 մայիսի, 2025

Չեղարկվեց ԱԺ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պետք է քննարկվեր ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։

Նիստը մեկնարկեց, բայց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովի արտահերթ նիստը չեղարկվում է։ «Պետք է հայտարարեմ, որ հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստը չեղարկվում է։ Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք պետք է քննարկենք եւ հաշվի առնելով, որ դեռեւս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնելու, լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարարը ԱԺ շենքում է գտնվում։ Մեզ համար խիստ անհասկանալի է, նաեւ հասկանալի է, որովհետեւ իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու է բացասական եզրակացություն։ Նաեւ հասկանալի է, որ հանրային մեծ ընդվզում կա, եւ տարբեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներ, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։ Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար։ ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասայական եւ այլ կատեգորիաներից»։ Հայկ Սարգսյանը հակադարձելով ասաց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս նախագիծը, այլ կա մեծ սպասում․ եւ Սփյուռքում, եւ ՀՀ-ում բնակվող հայերը սպասում են այս փաթեթի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում։

«Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու մասին, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է ՀՀ-ից արտագաղթը եւ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երեւույթը, որը ՀՀ-ում ունենք։ Եվ այն խեղված վիճակը, որն առկա է զորակոչի համակարգում, շտկելու բացառիկ հնարավորություն ունենք, որը պետք է օր առաջ իրականացնենք։ Պետք է հետամուտ լինենք, որպեսզի մինչեւ առաջիկա զորակոչի օրը, այսինքն՝ մինչեւ հուլիսի մեկը օրենքն ընդունվի եւ մտնի օրինական ուժի մեջ՝ իր բերելով բոլոր այդ դրական հանգամանքները»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթը, բայց զուգահեռ կառավարությունն արել է իր առաջարկությունները, որոնց հիման վրա այս նախագծերը պետք է լրամշակվեն։ Այս փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչեւ 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչեւ 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։

Նախատեսվում է նաեւ Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։

ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել