Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11-ն ունեն կոտրվածքներ
10:44 - 29 մայիսի, 2025

Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11-ն ունեն կոտրվածքներ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 08:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը․ Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, Opel մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում է համապատասխան բուժում, նրանք ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:  

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան: Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիտալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները՝ խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել