2018 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում էր 173 հազար 596 դրամ, մինչդեռ 2025 թվականի ապրիլի դրությամբ այն կազմել է 304 հազար 992 դրամ։ Այսպիսով, միջին աշխատավարձի աճը կազմել է շուրջ 130 հազար դրամ կամ 75 տոկոս։ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը կազմել է 25 տոկոս, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի իրական աճն առաջանցիկ է եղել գնաճից։ «Սա, թերևս, պատասխան է այն հարցին, որն այսօր հաճախ է հնչում սոցիալական ցանցերում և քաղաքական հարթակներում՝ մարդիկ այսօր լա՞վ են ապրում, թե՞ վատ՝ համեմատած 2018 թվականի հետ։ Այս թիվը վկայում է, որ մարդիկ Հայաստանում այսօր ապրում են ավելի լավ, այդ թվում՝ գնաճի հաշվառմամբ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մարդիկ ապրում են մոտ 50 տոկոսով ավելի լավ։ Եթե պատկերավոր նկարագրենք՝ իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում»,- ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, որ սա չի նշանակում, թե բոլորը գոհ են իրենց կյանքից, քանի որ մարդիկ մշտապես ձգտում են ավելի լավ ապրել։ «Իսկ ի՞նչու կարող են մարդիկ գոհ չլինել իրենց կյանքից։ Շատ պարզ, հասկանալի և լիովին լեգիտիմ պատճառով, որովհետև մարդիկ ուզում են ապրել ավելի լավ։ Եվ ինչո՞ւ են ուզում ապրել ավելի լավ։ Որովհետև այսօրվա Հայաստանում մարդիկ տեսնում են, որ ավելի լավ ապրելը հնարավոր է»,- եզրափակեց Փաշինյանը։
comment.count (0)