1lurer.am: Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Բայրուի հետ պայմանավորվել է Ուկրաինային լրացուցիչ 200 միլիոն եվրո տրամադրելու հարցում: Այն ուղղվելու է վերականգնողական նախագծերին և եվրոպական շուկային ինտեգրմանն աջակցելուն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով սոցիալական ցանցում Շմիհալի արած հայտարարությունը։
«Ֆրանսիան մնում է Կիևի ռազմավարական գործընկերը։ Փարիզը ճգնաժամի սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո ուղղակի բյուջետային օգնություն»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Լրատվամիջոցները հայտնել են, որ Շմիհալը հանդիպել է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) գլխավոր տնօրեն Ռեմի Ռիոյի հետ։
«Մենք շնորհակալ ենք AFD-ին՝ էներգետիկ օբյեկտների, ջրամատակարարման համակարգերի, ճանապարհների, հիվանդանոցների և դպրոցների արդիականացման նախաձեռնությունների համար։ Մենք նաև գնահատում ենք AFD-ի կողմից ֆինանսավորվող քաղաքային զարգացման ջանքերը»,- ասել է Շմիհալը։
Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ ճգնաժամի սկզբից ի վեր Զարգացման գործակալությունը Կիևին տրամադրել է 400 միլիոն եվրո։ «Այս պահին մենք ունենք 19 համատեղ նախագիծ և հույս ունենք, որ մեր համագործակցությունը հետագայում կզարգանա»,- ասել է Շմիհալը:
comment.count (0)