Մերցը Թրամփին առաջարկել է միասին վերջ դնել Ուկրաինայի պատերազմին
 |1lurer.am|
13:24 - 06 հունիսի, 2025

Մերցը Թրամփին առաջարկել է միասին վերջ դնել Ուկրաինայի պատերազմին |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոն կատարած առաջին այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «առանցքային դեմք» Ուկրաինայում պատերազմն ավարտելու ջանքերում։ «Մենք եկել ենք համաձայնության, որ այս պատերազմը սարսափելի է, և փնտրում ենք այն ավարտելու ուղիներ»,- ասել է Գերմանիայի կանցլերը` հունիսի 5-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած բանակցություններից հետո, գրում է DW-ն։

Մերցը կոչ է արել ԱՄՆ նախագահին մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը և առաջարկել է համատեղ աշխատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա հստակ հայտարարել է` Ռուսաստանը ագրեսոր է և պատերազմ հրահրող։ «Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ Գերմանիան և Եվրամիությունը փորձում են Կիևն ավելի ուժեղ դարձնել։ Թրամփը, իր հերթին, այս կապակցությամբ որևէ հստակ հայտարարություն չի արել։

Սակայն նա չի բացառել Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառումը։ Նա ասել է, որ եթե ​​Ուկրաինայում պատերազմը չդադարի, ինքը կոշտ դիրքորոշում կընդունի, և դա վերաբերում է երկու կողմերին, զգուշացրել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տանը Մերցին ընդունելիս Թրամփը նրան անվանել է «Գերմանիայի մեծ կանցլեր», դրական է արտահայտվել այդ երկրի պաշտպանական ծախսերի ավելացման մասին։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերը դուրս չեն բերվի։

Հանդիպման ժամանակ Մերցը Թրամփին է նվիրել իր պապի՝ Ֆրիդրիխ Թրումփի ծննդյան վկայականի պատճենը, որը նա ստացել էր գերմանական Կալշտադտ գյուղից` 1869 թվականին: Զյուտերլինի տառատեսակով գրված փաստաթղթի պատճենը՝ գերմաներեն և անգլերեն, Սպիտակ տան ղեկավարը ստացել է ոսկե շրջանակով:

Թրամփի պապը Միացյալ Նահանգներ է ներգաղթել 16 տարեկանում, որտեղ փոխել է իր անունը Ֆրեդերիկ Թրամփի: Նա կարողություն է կուտակել՝ Քլոնդայք շրջանում հյուրանոց ղեկավարելով, որը սպասարկել է ոսկի արդյունահանողներին։ Ինքը՝ Թրամփը, երբեք չի շեշտում իր գերմանական ծագումը և հիշում է միայն մոր շոտլանդական արմատները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել