1lurer.am: Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվան, Բրյանսկը, Էնգելսը հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռիչքների սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», ինչպես նաև Սարատովի և Կալուգայի օդանավակայաններում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա 10 անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։ Արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետներն աշխատում են ընկած բեկորների տեղում։
Բրյանսկի Telegram ալիքները հրապարակել են քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հզոր պայթյունի կադրերը։ Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Էնգելս քաղաքի վրա, որի մոտակայքում գտնվում է ռուսական ռազմավարական ավիացիոն բազան։
Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Էնգելսի մի «ձեռնարկությունում», բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է այրվում: Միաժամանակ սոցցանցերում հրապարակվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, որ այրվում է նավթի պահեստը, որը, ըստ ուկրաինացի զինվորականների, վառելիք է մատակարարում Էնգելսի ռազմավարական ռմբակոծիչների բազային։
Վերջին անգամ այս նավթաբազան ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել հունվարի սկզբին։ Հրդեհը տևել է մի քանի օր։
comment.count (0)