Զելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջ
 |azatutyun.am|
10:36 - 09 հունիսի, 2025

Զելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել Մոսկվայի հետ գերիների փոխանակման պլանները, թեև կասկած է հայտնել հաջող արդյունքի հնարավորության վերաբերյալ:

«Ուկրաինան շարունակում է անել ամեն ինչ՝ մեր ռազմագերիների ազատ արձակման և մեր զոհված զինվորների վերադարձի համար», - ասել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։

Նա նշել է, որ Ռուսաստանը դեռ չի տրամադրել այն ամբողջական ցուցակները, որոնք անհրաժեշտ են ըստ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության՝ ավելի քան հազար անձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ ռուսական կողմը «փորձում է անգամ նման հարցերը վերածել կեղտոտ քաղաքական և տեղեկատվական խաղի»:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ եթե Կրեմլը «չկատարի պայմանավորվածությունները նույնիսկ նման մարդասիրական հարցերում, դա լուրջ կասկածի տակ կդնի բոլոր միջազգային ջանքերը՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից տարվող բանակցությունների և դիվանագիտական գործընթացների արդյունավետությունը:

Ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ միայն Վաշինգտոնից և Եվրոպայից եկող «ուժեղ ճնշումը» կարող է ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ կանգնել։

Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության անդամ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ էր նախորդ շաբաթ կազմակերպել 25 տարեկանից երիտասարդ գերիների, ծանր վիրավորների և հիվանդների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածների մարմինների փոխանակում, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսի 2-ին Ստամբուլում, սակայն Կիևից պատասխան չեն ստացել:

Ռազմագերիների հետ հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական կողմը ներկայացրել է փոխանակման ցուցակներ, որոնք կազմվել են Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված և հստակ սահմանված կատեգորիաների համաձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել