«Եկեղեցու մասին խոսելը որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»․ Սրբուհի Գալյան |aravot.am|
12:37 - 17 հունիսի, 2025

«Եկեղեցու մասին խոսելը որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»․ Սրբուհի Գալյան |aravot.am|

aravot.am: «Երբ սահմանադրությամբ որեւէ մարմնի կամ անձի, այդ թվում՝ Եկեղեցու մասին նշում է արված, դրա մասին խոսելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից Եկեղեցու դեմ արշավին։

Լրագրողները նկատեցին, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է հոգեւորականների անձնական դաշտ, ինչո՞ւ է արդարադատության նախարարը լռում։ «Իսկ ի՞նչ ասեմ»,- արձագանքեց Գալյանը։

Նա ասաց, որ երեւի փոքր դասախոսություն պետք է անցկացնի լրատվամիջոցների համար «սահմանադրական կարգի տապալում» հասկացության հետ կապված։

«Այո, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը՝ որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքում։ Եվ դա նշանակում է հետեւյալը, որ որեւէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետեւյալին՝ խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավար, ինքնիշխան, սոցիալական, իրավական երկիր է, խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Սահմանադրության 1-7-րդ հոդվածների մասին է, եւ այդ նորմերի փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում։ Խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հետ կապված։ Մի հնչեցրեք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Գալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել