1lurer.am: Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության հասցեին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին:
«Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:
Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում:
Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր,որ «Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»:
comment.count (0)