civilnet.am: Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ և տեխնիկական միջոցներ՝ հակազդելու Ռուսաստանի պետական մեդիայից հնչող և Հայաստանի ներքին տեղեկատվական դաշտում տարածվող քարոզչական հարձակումներին։ Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց հունիսի 18-ին Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Հայրապետյանի խոսքով՝ ռուսական հեռուստաեթերից մի հաղորդում, որը վերջին օրերին լայնորեն տարածվել է համացանցում՝ վիրավորական արտահայտություններով Հայաստանի, նրա ժողովրդավարության ու վարչապետի հասցեին, շարունակությունն է նախորդ տարվա ընթացքում արձանագրված մի քանի դեպքերի։ Դրանց արձագանքելով՝ իշխանությունները արդեն արգելափակել են այդ հաղորդման հեռարձակումը հանրային մուլտիպլեքսով։
«Այդ հաղորդումը արդեն մի քանի ամիս է, ինչ չի հեռարձակվում Հայաստանի հանրային մուլտիպլեքսով։ Սակայն խնդիրն այն է, որ այն հասանելի է մնում մալուխային հեռուստատեսությամբ՝ այսպես կոչված IPTV-ով և OTT հարթակներով։ Այժմ պատրաստ է տեսալսողական մեդիայի մասին օրենսդրական փաթեթի նոր տարբերակը, որը նախատեսում է կարգավորումներ նաև այդ ոլորտի համար և նախատեսվում է առաջիկայում քննարկել Ազգային ժողովում»,- ասաց նախարարը։
Հայրապետյանը նշեց նաև, որ ամենաբարդ հատվածը համացանցն է, որտեղ նույն այդ հաղորդումները տարածվում են սոցիալական ցանցերով՝ այդ թվում հայաստանաբնակ օգտատերերի, նույնիսկ հայ հայրենակիցների կողմից։ «Ցավոք, այդ մարդկանց մեծ մասը ֆեյք չէ։ Իրենք մեր քաղաքացիներն են, և որոշ դեպքերում ոգևորությամբ են տարածում այդ տեսանյութերը»,- ասաց նախարարը։
Նախարարության աշխատանքը, նրա խոսքով, ունի երկու ուղղություն։ Առաջինը՝ տեխնիկական միջոցներով արգելափակել քարոզչական բովանդակության հասանելիությունը բոլոր հնարավոր հարթակներում։ Երկրորդը՝ հանրության մեդիագրագիտության բարձրացում և կիբերանվտանգության մակարդակի ամրապնդում։
«Այստեղ պետությունն ունի շատ անելիքներ։ Անհրաժեշտ է մեդիա գրագիտություն, կրթական միջամտություն, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան տարբերակել՝ ինչ է քարոզչություն, ինչ է կեղծ տեղեկություն, և չդառնան հիբրիդային պատերազմի զոհ», — եզրափակեց Հայրապետյանը։
comment.count (0)