Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից |shantnews.am|
14:00 - 03 օգոստոսի, 2019

Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից |shantnews.am|

shantnews.am: Աղետի գոտում տնակների հաշվառման աշխատանքային խումբն այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում։ Ներկայացվել են տնակների ազատման վերաբերյալ կազմված առաջարկների ուղղությամբ անելիքները։ Աշխատանքային խումբը նորից քննարկել է, թե որ տարբերակն է արդյունավետ՝ բնակարանաշինությո՞ւնը, թե՞ բնակարանների գնման վկայականների տրամադրումը։ Դրա համար նոր ուսումնասիրություններ են պետք ոչ միայն բնակարանային շուկայում, նաև եղած բնակֆոնդի տեխնիկական վիճակը գնահատելու համար:

Ինչպես արդեն հայտնի է, հաջորդ տարվա պետական բյուջեից նախատեսված է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շահառու ճանաչված 453 ընտանիքների բնակապահովման համար հատկացնել 3 մլրդ դրամ։ Այն հիմնականում գյուղական բնակավայրերի անօթևաններին է վերաբերում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ նշեց, որ գումարի չափը դեռ փոփոխման ենթակա է։ Եթե ուսումնասիրվի, որ գյուղերում չկան անհրաժեշտ թվով վաճառքի տներ, ապա իրենք պատրաստ են 7.5 մլրդ, ընդհուպ մինչև 11 մլրդ դրամ հատկացնել բնակարանաշինություն իրականացնելու համար: Ուսումնասիրությունը մարզպետարաններին է հանձնարարվել, գյուղերի մասով դեռ վերջնական պատկեր չունեն։ Իսկ Գյումրիի համար առաջարկներ եղան։ Հաշվառված է մոտ 2850 տնակ, բայց այս փուլում որևէ ընտանիք դեռ ճանաչված չէ որպես շահառու։ Վերջին տասնամյակում կառուցված բնակարանային ֆոնդում ազատ տներ գրեթե չկան։ Աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանի խոսքերով՝ բարեգործական հիմնադրամները հիմնականում Գյումրիի նորակառույց Մուշ թաղամասում են բնակարաններ գնում: Որոշակի բիզնես է սկսվել այս թաղամասում, գնում են բնակարաններ ռուս սպաներին վարձակալությամբ տրամադրելու համար, այդ իսկ պատճառով էլ Մուշ թաղամասը որպես բնակարանային շուկա փակ է։ Իսկ քաղաքի մյուս թաղամասերում բնակֆոնդը հին է ու շարքից դուրս եկած։

Առաջարկվեց, որ պետությունը հոգա քաղաքի հին բնակֆոնդի վերանորոգումների հարցը և հատկացնի ընտանիքներին։ Հաջորդ տարբերակը քաղաքի վթարայինների ամրացումն է, որտեղ ևս ազատ բնակարաններ կան։ Սրանք առաջարկներ են, որոնք դեռ քննարկվելու են, իսկ ավելի ռեալը, ըստ պատասխանատուների, ֆինանսավորում չպահանջող խնդիրների լուծումն է: Խոսքը տնակներն ազատելու մասին է: Առանց ֆինանսներ ծախսելու հնարավոր է բնակարան ստացած ու դեռ տնակներում ապրող ընտանիքներին ստիպել իրենց բնակարաններ տեղափոխվել ու տնակը քանդել։ Բայց ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում, ըստ Վահագն Վերմիշյանի, խնդիրն անհատական մոտեցում է պահանջում։ Ամեն ընտանիքի հարցն առանձին է քննարկվելու, խորությամբ, որպեսզի այլ խնդիրներ չառաջանան։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ խոսեց բնակարանների գնման վկայագրերի ծրագրի սխալներից։ Օրինակ բերեց, երբ Գյումրիում 4-րդ աստիճանի վթարայնության Անտառավան 26 շենքում տարիներ առաջ բգվ-ով բնակարաններ են գնվել։

Փակ տնակների քանդումը ևս հնարավոր է արագ կազմակերպել: Այլ համայնքներում սեփականություն ունեցող և Գյումրիում՝տնակներում բնակվող ընտանիքներին աջակցություն չի լինելու։ Նրանց տնակները ևս սեղմ ժամկետներում քանդման ենթակա են: Ու ամենակարևորը, ըստ Քաղշին կոմիտեի պատասխանատուի, տնակների շրջանառությունը բացառող քայլեր անելն է։ Սա ևս կկարգավորվի օրենսդրական ճանապարհով։ Կոմիտեի պատասխանատուները ոստիկանությունից ստացել են Գյումրիի տնակների վերաբերյալ տվյալներ ու ֆիքսել, որ տնակների մեծ մասը վաղուց ապամոնտաժված է, բայց դրանցում ընտանիքներ կան հաշվառված։ Աշխատանքային խումբը նախատեսում է մինչև հոկտեմբերի 1-ը նշված խնդիրների լուծման ուղղությամբ օրենքի նախագծեր մշակել ու ներկայացնել կառավարությանը: Դրանց՝ օրինական ուժ ստանալու դեպքում, մինչև տարեվերջ հնարավոր է տնակների թիվը մոտ 800-ով պակասեցնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել