Կաթ, կիր, բիոցիդ. թթվային դրենաժի կառավարումն Ամուլսարում
14:47 - 01 օգոստոսի, 2019

Կաթ, կիր, բիոցիդ. թթվային դրենաժի կառավարումն Ամուլսարում

Շուտով կհրապարակվեն Ամուլսարի գործով լիբանանյան ELARD ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները։ Այս մասին դեռևս այս տարվա հուլիսի 9-ին հայտնել էր Քննչական կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` նշելով, որ փորձաքննության եզրակացությունը պատրաստ կլինի հուլիսի վերջին:

Մինչ այդ անդրադառնանք Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից առաջարկվող մեթոդներին՝ թթվային դրենաժից առաջացող ռիսկերի կառավարման և վնասների վերացման հետ կապված:

Նախ նշենք, որ Վերոնշյալի մասին ակտիվորեն խոսվում էր դեռևս 2018 թվականի հունիսին՝ ամերիկացի միջազգային փորձագետներ Էնն Մայեսթի և կանադացի Անդրե Սոբոլևսկու կողմից: Վերջիններս այցելել էին Ամուլսար, ուսումնասիրություն կատարել, որը սակայն նկարահանվել էր միայն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, իսկ փորձագետների հետ քննարկումների բովանդակությունը հրապարակվել էր ոչ ամբողջական:

Հիշեցնենք, որ միջազգային 4 փորձագետներից կազմված խումբն Ամուլսարում ուսումնասիրություններ էր իրականացնում դեռևս 2017 թվականի հուլիսից և ներկայացրել էր մի շարք հաշվետվություններ՝ ելնելով հանքում կատարված ուսումնասիրություններից։

«Լիդիան Արմենիա»-ի հրապարակումից հետո փորձագետներ Մայեսթն ու Սոբոլևսկին հրատապ ասուլիս հրավիրեցին և մանրամասներ հայտնեցին իրենց կատարած այցի մասին: Ասուլիսի ընթացքում փորձագտները Մայեսթն ու Սոբոլևսկին ասացին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը թթվային դրենաժի կառավարման հարցում փոխել է նախկին՝ պատիճավորման (կապսուլավորման) մեթոդը: Պատիճավորումն իրենից ենթադրում էր թթու առաջացնող պոչանքների չեզոքացում՝ այդ թթուն չեզոքացնող ապարներով:

" alt="" width="630" height="500" />

Մայեսթի ու Սոբոլևսկու դիտարկմամբ Ամուլսարում թթու չեզոքացնող ապարներ բավականաչափ ծավալով չեն գտնվել և հաշվարկվել: Վերջինիս հետ կապված փորձագետների հարցադրմանը՝ Լիդիանն առաջարկել էր այլ մեթոդ. բիոցիդ, կիր և կաթ, որոնք պետք է ավելացնեին թափոնների մեջ: Փորձագետները սակայն նշում են, որ Լիդիանն այս մեթոդների կիրառումն ընտրելիս չի ներկայացնում միջազգային հաջողված փորձ: Ավելին՝ չկան հաշվարկներ, թե ինչ քանակությամբ բիոցիդ, կիր և կաթ է անհրաժեշտ թթվային դրենաժի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար:

Նրանք մասնավորապես նշում են. «...Թթվային ապարների դրենաժը, ճնշող միջոցների մշակման պատմությունը լավ հայտնի է և աշխարհի որևէ մասում և ոչ մի հանքավայրում մեզ հայտնի չեն կրկնելի բիոցիդների կամ կաթի օգտագործման երկարատև հաջողակ դեպքերը թթուների առաջացման կանխման համար։ Բիոցիդները ունեն հակասական համբավ թթվային դրենաժի կանխման հարցում և լավագույն դեպքում դրանք ապահովում են իրավիճակի կարճաժամկետ բարելավում։ Չկա տեղեկատվություն թթվային դրենաժի կանխման կամ դրա մեղմացման համար միայն կաթի կամ միայն վերադարձված կաթ՝ կաթնամթերքի թափոնների կիրառման հաջողված փորձի մասին։ Նկարագրված է որոշակի հաջողություն թափոնաջրի հոսքերի հետ համատեղ կաթի օգտագործման ժամանակ, բայց և այնպես դա կպահանջեր հայտնի տոքսիկ նյութի ավելացում Ամուլսարի թափոնաջրին...»։

Մեթոդիկայի խնդիրների և բացերի շուրջ առավել մանրամասն խոսվում է փորձագետների այցից հետո իրենց ներկայացրած հաշվետվությունում:

Որպեսզի պատկերացում կազմենք թթվային դրենաժի հետևանքով աղտոտման մասին, հարկավոր չէ հասնել Կանադա կամ այլ խոշոր հանքարդյունաբերություն ունեցող պետություն: Վտանգավոր թթվային դրենաժի պատկեր առկա է Կապան քաղաքի մոտ գտնվող Կավարտում, որը մետաղական հանքերի շահագործման հետևանք է:

Մայեսթն ու Սոբոլևսկին ասուլսի ժամանակ ասացին, որ պետք է ներկայացվի նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (այսուհետ՝ ՇՄԱԳ): Ըստ նրանց՝ նոր գնահատումը անհրաժեշտ է, քանի որ ներկայիս ՇՄԱԳ-ում որպես թթուների չեզոքացման միջոց դիտարկվել է կապսուլացումը: Սակայն վերոնշյալ փորձագիտական հանդիպման ժամանակ կապսուլային մեթոդի առաջարկը, ինչպես հայտնեցին փորձագետները, փոխվել է կրի,կաթի ու բիոցիդի օգտագործման մեթոդին: Այսինքն անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, նոր հաշվարկներով արդեն նշված մեթոդի համար:

Այստեղ հարկ է նշել, որ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները ևս պահանջում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից՝ նախկինում դրական եզրակացություն ունեցող ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչել: Պահանջը չկատարվեց, բնակիչները դիմեցին դատարան: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 4-ի, իսկ վերջին նիստը՝ ապրիլի 8-ին, որի ժամանակ Էրիկ Գրիգորյանի միջնորդությունը՝ բողոքը կասեցնելու մասին մերժվել է: Հաջորդ նիստը նախնական տվյալներով տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

Ամուլսարում կա նաև ցրված ուրանի, թորիումի և ռադոնի առկայություն: Այս մասին են փաստում դեռևս 1952-1954 թվականների ուսումնասիրությունները:


Սա նշանակում է, որ Ամուլսարի որոշ հատվածներում նաև մեծ է ռադիոակտիվության վտանգը, իսկ վերոնշյալ մեթոդները նախատեսված չեն այս ռիսկի ծածկման համար: Սակայն, ըստ Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ-ի, ռադիոակտիվության ցուցիչը այնքան էլ բարձր չէ (ՇՄԱԳ, էջ 277):

Միջազգային փորձագետներ էնն Մայեսթը, դոկտոր Ռոջեր Սմարթը, Անդրե Սոբոլևսկին և Անդրես Գերսոն Ամուլսարում առկա ռիսկերի մասին իրենց ներկայացրած հաշվետվությունում խոսել էին նաև աղտոտիչների ջրային ռեսուրսներում հայտնվելու և վերջինիս սպառնացող վտանգի մասին: «...մեր առաջնային մտահոգությունը այն է, որ Լիդիանի խորհրդատուների կողմից ներկայացվող ոչ ավանդական բնութագրման ու կառավարման մոտեցումները փորձարարական բնույթի են և թույլ չեն տա նույնականացնել ռիսկն ու կանխել հանքայնացված ջրի մուտքը դեպի ջրային օբյեկտներ՝ հոսանքն ի վար, ներառյալ Դարբ, Արփա ու Որոտան գետերը, տեղական ջրաղբյուրները, Սպանդարյան-Կեչուտ թունելը և Կեչուտի ջրամբար...»,- ասվում է հաշվետվությունում:

Վերոնշյալ դիտարկումների առնչությամբ հարցում էինք ուղարկել նաև «Լիդիան Արմենիա» ընկերություն: Ընկերության կայուն զարգացման բաժնից ստացել ենք մեր կողմից ուղղված 5 հարցերի պատասխանները, որոնք ներկայացնում ենք ստորև.

Ինչպես երևում է պատասխաններից, «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է առաջ քաշել նախկինում իր կողմից հնչեցված թեզերը՝ միջազգային փորձագետների դիտարկումների վերաբերյալ: Ընկերությունը շարունակում է պնդել, որ Ամուլսարի ապարների մեծ մասը թթվագոյացնող չեն:

«Լիդիան Արմենիա»-ի մասնագետները նշում են, որ թթվային դրենաժի վերացման մեթոդները չեն փոխել, սակայն կաթի, կրի կամ այլ նյութերի օգտագործումը դիտարկում են որպես լրացուցիչ միջոցառում:

Հարկ է ընդգծել, որ մեզ տրված պատասխաններում ևս նշվում է, որ լրացուցիչ միջոցառման իրականացման անհրաժեշտ ծավալների մասին տեղեկատվություն առկա չէ, քանի որ հետազոտություններն ընդհատվել են Ամուլսարի շրջափակման հետևանքով։

Քննչական կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 8-ի Ամուլսարի հանքի անկախ փորձագիտության նախաորակավորման հայտատարարության մեջ ասվում է.
«...անկախ միջազգային փորձագիտական գնահատման առարկա են հանդիսանում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետև՝ ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (այսուհետև՝ ԲՍԱԳ) նախագծերը...»։

Արդեն 2019 թվականի փետրվարի 21-ի քննչական հայտարարությամբ նշվում է.
«...հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն...»:

Հաշվի առնելով Քննչական կոմիտեի հայտարարությունները, ինչպես նաև հոդվածում ներկայացված փորձագիտական գնահատականները՝ ակնկալվում է, որ հրապարակվելիք անկախ փորձագիտական եզրակացությունը կկարողանա տալ փորձագետների, բնապահպանների, բնակիչների բարձրաձրած վերոնշյալ հարցերի պատասխանները:

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել