Լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը
22:59 - 24 փետրվարի, 2023

Լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը  հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Տարիներ շարունակ մենք պայքար ենք մղել մեր երկրի սրտում գտնվող մի հսկա ջրավազանի ակունքի համար, որի անունը շատերիս մոտ ասոցացվում է կանաչ պայքարի հետ: Ամուլսար, լեռ, որն ունի գրեթե 3000մ բարձրություն և իր ծածկույթով փակում է մոտ 30կմ քառակուսի տարածք, համալրում է 3 խոշոր գետերի ջրային զանգվածները՝ Որոտան, Արփա, Դարբ, այսօր որպես հանք չի գործում նվիրական պայքարի արդյունքում: Մեր բոլորի կողմից մղված, բարի, մաքուր ու խաղաղ պայքարի արդյունքում այսօր այդ հանքը ոչ թե 5, այլ 0 տարեկան է: 
 
Այսօր մի քանի թեզերի կանդրադառնանք, որոնք այս օրերին շատ են քննարկվում.
 

«Վե՛րջ, հանքը կբացվի»:

Ուզում ենք հիշեցնել բոլորին, որ հանքը ավելի մոտ է եղել բացվելուն 2017-2018 թթ., և կառավարությունը չի եղել այն կասեցնողը, սա կեղծ և թյուր կարծիք է: Հանքը չի գործել, որովհետև տարիներ շարունակ մարդիկ կամավորաբար փակել են լեռ տանող ճանապարհները, իսկ նորընտիր կառավարությունը շարունակ հորդորում էր, որ ճանապարհները բացվեին:
 
Ոչինչ չի խանգարում մեզ վարվել նույն կերպ, եթե բանը հասնի դրան:
 
«Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, մարդիկ չեն ուզում պայքարել, կոտրվել են կամ ավելի լուրջ խնդիրներ կան երկրում»: Այո՛, երկրում կա ավելի լուրջ խնդիր, դա Արցախի խնդիրն է, որը շատ ավելի զգայուն է դարձնում Ամուլսարի հարցը: Կարելի է առնվազն 4 լուրջ փոխկապակցվածություն բարձրաձայնել ու համալրել այն պատճառները, թե ինչու չի կարելի այսուհետ սահմանապահ Ամուլսարի վրա հանք գործարկել: Սրա մասին առանձին հոդվածով հանդես կգանք: Եվ ուրեմն՝ այս պայքարը ոչ թե ավելի անտեսվում է, այլ նոր իմաստներ է ստանում, ինչը համոզված ենք պայքարը դարձնելու է ավելի զորեղ:
 
«Խնդիրը ո՛չ թե բնապահապանական դաշտում է, այլ կոնկրետ իշխող կառավարության մեջ է»:
 
Այս հարցին մեր կարծիքը առանձնապես չի փոխվել: Մենք բնավ չենք հերքում, որ իշխող ուժն է կրում այս քայլի ողջ պատասխանատվությունը, բայց ու՞ր կտանի քայլերի հաջորդականությունը, երբ այս պայքարը վերափոխվի իշխողների հրաժարականի պահանջի: Մենք համոզված ենք, որ պայքարը կարժեզրկվի և լեռը կհայտնվի ավելի անպաշտպան վիճակում, հատկապես, որ բացի իշխող ուժից, որը 54% քվե ունեցավ վերջին ընտրություններին, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը միասին հավաքել է 26%, հանքի շահագործմանը կողմ են: Այսինքն, քաղաքական դաշտում իշխելու հավակնություն ունեցող ոչ մի ուժ հանքի շահագործմանը դեմ չէ:
 
Մենք Ամուլսարը համարում ենք ազգային և համամարդկային լոկալ բնապահպանական հարց, որի պայքարը իր մեջ կարող է ներառել ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ կուսակցությունների, հասարակական և կոմերցիոն կազմակերպությունների, բայց երբեք չշեղվել ու չծառայեցնել այս պայքարը քաղաքական այլ նպատակներ ունեցողների։
 
 «Բնապահպանները վաճառված են»։
Այս ցինիկ միտքը ոչ միայն անհեթեթ է, այլ նաև խոսում է այս միտքը շահարկողների անտարբերության ու անմտության մասին: Նախ պետք է նշել, որ պայքարի մեջ եղել են հազարավոր մարդիկ, որոնց մեջ կարող էին պատահել նաև սադրիչներ, բայց վերագրել մի քանի հոգու գոյությունը ամբողջ շարժման վրա, ուղղակի պղծություն է: Երկրորդ՝ այս միտքը շրջանառողներից հաշված մարդիկ են ուսումնասիրել տվյալ մտքի աղբյուրները և ցավոք սրտի հուսախաբ են եղել՝ չպատկերացնելով, որ այս շարքային մանիպուլիացիոն քայլը իրենց օգտագործելու և շարժումը իրենց ձեռքով վարկաբեկելու համար է:
 
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է, որ լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված: Երբ հետպատերազմյան Հայաստանում կառավարողների խելամտությունը ակնհայտորեն չի բավարարում ճիշտ ճանապարհով երկիրը տանելու, մենք պետք է ավելի զգոն և պահանջատեր լինենք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել