Տապալվել են ծառեր, պոկվել տանիքներ, վնասվել մեքենաներ. քամու հետևանքները
11:35 - 01 հուլիսի, 2025

Տապալվել են ծառեր, պոկվել տանիքներ, վնասվել մեքենաներ. քամու հետևանքները

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց առաջացած արտակարգ դեպքերի հետևանքների արագ վերացմանը, հետագա հնարավոր վտանգների կանխմանը, բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանը։

Մասնավորապես՝ հունիսի 28-ին փրկարարական աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Տեղում իրականացվել են տապալված և վտանգ ներկայացնող ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։

Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։

Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։

Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմեքենա:

Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են մոտ 500 ք.մ մակերեսով տանիքի, ինչպես նաև երկու շենքի շուրջ 60 մ երկաթե ճաղավանդակների ապամոնտաժման աշխատանքներ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վերացվել է վթարավտանգ իրավիճակը։ 

Մեկ այլ ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շինության տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։

Ինժեներական տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ապամոնտաժել են շինության երկաթե կոնստրուկցիաներով տանիքը՝ մոտ 450 ք.մ, և հեռացրել գազի բաշխիչ կայանի վրայից: Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել է 23 փրկարարական ծառայող: 

Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փրկարարները համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ուժերով ապամոնտաժել են թուլացած գովազդային վահանակը։ 

Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրում փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով մասնատել և տեղափոխել են 2 ծառ: 

Արարատի մարզի Արարատ քաղաքում փրկարարական ստոաբաժանումների կողմից իրականացվել են տան տանիքի ամրացման աշխատանքներ։

Ըստ ստացված տեղեկատվության՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել է 11 տրանսպորտային միջոց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել