lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Տիկին Ջուլհակյան, դուք հրապարակել եք 2012 թվականին խոշոր կաշառք վերցնողների անունները, որոնք քաղաքացի Յուրի Վարդանյանի ունեզրկմանն էին նպաստել, ու հիմա տեսանք ՄԻԵԴ-ի վճիռը՝ քաղաքացուն փոխհատուցել 1,6 մլն եվրո։ Նրանց մեջ նշվում են Երվանդ Զախարյանի, Արմեն Գևորգյանի, Արման Մկրտումյանի, Մնացական Մարտիրոսյանի անունները, և քաղաքացիներն արդարացի պահանջ են բարձրացնում, որ այդ մարդիկ պետք է վճարեն այդ հսկայական գումարը, ոչ թե պետությունը։ Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում պետք է ստանա այդ խնդիրը։
Այդ խնդիրն իրականում բազմիցս քննարկվել է, թե ովքեր պետք է վճարեն այն փոխհատուցումները, որոնք ՄԻԵԴ-ը սահմանում է առանձին վերցրած քաղաքացիների իրավունքների խախտման համար։ Իրականում նորմալ պրակտիկան այն է, որ փոխհատուցումը կատարի պետությունը, ինչը տրամաբանական է, քանի որ կոնկրետ գործընթացների, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվություն է կրում ոչ թե մեկ ատյան, այլ մի քանի ատյաններ։
Այսինքն՝ երբ խոսքը կոնկրետ քրեական գործի մասին է, նախ քննչական մարմիններն են այնտեղ, դատախազությունը, ոստիկանությունը, հետո հարցը գնում է դատարան՝ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ։ Հետո եթե կա սահմանադրականության հարց, հասնում է նաև ՍԴ։ Այսինքն՝ այդ բոլոր ատյանները կոչված են իրար փոխզսպելու և իրար հակակշռելու։
Բողոքարկման ինստիտուտը հենց դրա համար է նախատեսված, որ անձը եթե մի ատյանում չի գտնում արդարացի լուծում, մյուս ատյանը այդ խնդիրը պետք է լուծի։ Դրա համար պետությունը պատասխանատու է բոլոր ատյանների համար, որոնք իր ներսում գործում են։ Եթե պետությունը ձախողում է իր այդ ատյանները նորմալ կազմավորելու և աշխատեցնելու հարցը, ինքն էլ վճարում է։ Տրամաբանությունը սա է։
Բայց քանի որ մենք գործ ունենք մի հանգամանքի հետ, որ մեզ մոտ պետությունը գործել է որպես մի ամբողջատիրական համակարգ, երբ քաղաքացու հետապնդման գործում ամբողջ պետական ապարատն ու իր բոլոր ատյանները փոխանակ իրար փոխզսպելու, համագործակցել են ու հանցավոր հանցակցության են եկել, հետևաբար, հարց է առաջանում, թե արդյոք պետք է նախկինում կոնկրետ անձանց կողմից պետության զավթման արդյունքում քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարման համար փոխհատուցի քաղաքացին՝ սեփական հարկերի միջոցով ձևավորված բյուջեից։ Ես կարծում եմ, որ սրա շուրջ մենք պետք է լուրջ հանրային քննարկում ծավալենք։ Պետք է հասկանանք, թե կոնկրետ այս դեպքերում գուցե նպատակահարմար է փոխհատուցումը պահանջել այն անձանցից, որոնք կանգնած են եղել կոնկրետ անձի իրավունքի կոպտագույն ոտնահարման հիմքում։
Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, պետությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում այս փոխհատուցումը վճարել, այսինքն մենք ժամանակային առումով սահմանափակված ենք, և չեմ կարծում, որ երեք ամսվա ընթացքում այդ մարդկանցից կարող ենք այդ գումարը վերցնել: Բայց ես կարծում եմ, որ պետությունը հիմա կարող է վճարել, հետագայում ռեգրեսիվ հայցով դիմել դատարան և բոլոր այդ մարդկանցից ինչ-որ համամասնություններով այդ գումարը վերցնել։ Մենք պետք է այս տարբերակը քննարկենք։
Ստացվում է, որ մենք նախորդ իշխանությունների օրոք կայացված դատական վճիռների պատճառով անընդհատ պարտավոր ենք լինելու քաղաքացիներին վճարե՞լ՝ հաշվի առնելով, որ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր այսպիսի դեպքեր են եղել։
Այո, այս 1,6 մլ եվրոն ընդամենը մեկ գործով է, և սա ավելին է, քան այն բոլոր փոխհատուցումները, որոնք ՄԻԵԴ-ի վճիռներով պետությունը մինչև հիմա փոխհատուցել է։ Պատկերացրեք, թե ինչ թվերի հետ մենք գործ ունենք։ Բայց սա վերջը չէ, կոնկրետ Բուզանդի փողոցի ունեզրկման դեպքերում մենք դեռ շատ գործեր ունենք Եվրոպական դատարանում, որոնցով հաստատ լինելու են Հայաստանի դեմ կայացված որոշումներ, այստեղ ես կասկած չունեմ։
Այդ փոխհատուցումները ծանրանալու են ՀՀ պետական բյուջեի վրա։ Մենք հիմիկվանից պետք է սկսենք քննարկել այդ հարցը։ Ես կարծում եմ նաև, որ սա պետք է անցումային արդարադատության համատեքստում դիտարկել և որպես անցումային արդարադատության բաղադրիչ քննարկել այն հնարավորությունը, որ մենք կարող ենք այն անձանցից, որոնք կանգնած են եղել մարդու իրավունքների խախտման հիմքում, այդ փոխհատուցումները գանձել։
comment.count (0)