Ոչխարի ներկրման համար սուբսիդավորվող վարկեր, գումարի հետվերադարձ. պետությունն աջակցում է ֆերմերներին |armenpress.am|
07:30 - 14 հոկտեմբերի, 2019

Ոչխարի ներկրման համար սուբսիդավորվող վարկեր, գումարի հետվերադարձ. պետությունն աջակցում է ֆերմերներին |armenpress.am|

armenpress.am։ Ոչխար ներմուծող ֆերմերները կստանան վարկի տոկոսի սուբսիդավորման կամ գումարի մասնակի վերադարձի հնարավորություն: Պետությունը նպատակադրվել է զարգացնել արտահանման մեծ պոտենցիալ ունեցող գյուղատնտեսության այս ոլորտը, ծրագրով նախատեսվում է Հայաստան ներկրել 30 հազար տոհմային ոչխար` բարելավելով որակական չափանիշներն ու իջեցնելով կաթի ու մսի գինը: Այս մասին խոսել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

«Նախատեսվում է տոհմային կենդանիների ներկրման նպատակով տրվող վարկերի մասնակի սուբսիդավորում: 12 տոկոսի դեպքում 10 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` ֆերմերը կվճարի ընդամենը 2 տոկոսը: Ծրագրում առաջարկել ենք նաև երկրորդ մեխանիզմ, որի համաձայն ֆերմերը, որն իր սեփական գումարով կներմուծի ոչխար, պետության կողմից կստանա 23 տոկոսի չափով հետվերադարձ:

Սպառողական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար վարկը կտրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գումարի հետվերադարձը կլինի 27 տոկոսի չափով»,-ասաց Գաբրիելյանն ու հույս հայտնեց, որ ծրագրով կստեղծվեն տոհմային տնտեսություններ, և հետագայում այլևս ներկրման կարիք չի լինի:

Պետությունը նաև Համաշխարհային բանկի հետ ունի նախնական պայմանավորվածություն` հանրապետությունում 2 տոհմաբուծական տնտեսություններ ստեղծելու համար: Դրանցից մեկը կստեղծվի Ագրարային համալսարանի բազայի հիմա վրա, մյուսը` Գյումրիի սելեկցիոն կայանի:

Կառավարության կողմից հաստատված ծրագրի իրականացման արդյունքում կավելանան ոչխարի, այծի գլխաքանակները, դրանց արտադրանքի ծավալները: «Ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար: Եթե այդքան ներկրենք, ապա կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս, 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ: Կբարձրանա ոչխարաբուծության, այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, քանի որ գենետիկ բարձր արժեքով կենդանիներ են բուծվում, և պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար»,-նկատեց փոխնախարարը:

Ֆերմերներն իրենք կարող են ընտրել աջակցության ծրագրի որ տարբերակից օգտվել` սուբսիդավորվող վարկի, թե գումարի հետվերդարձի: Սահմանափակում չկա, թե նրանք որ երկրից կներմուծեն կենդանիները, միայն թե ներմուծողը պետք է ներկայացնի տոհմային քարտեր, վկայություն` կենդանու տոհմայնության վերաբերյալ: Փոխնախարարի կարծիքով` ֆերմերները կներմուծեն եվրոպական երկրներից` հիմնականում Գերմանիայից, Ռուսաստանից:

Պետությունը որոշել է գյուղատնտեսության հենց այս ճյուղի համար աջակցության ծրագիր մշակել, քանի որ արտահանման պոտենցիալը մեծ է, ոչխարի մսի արտահանման ցուցանիշներն այս տարի բավականին աճել են: Այս տարվա սեպտեմբերի 13-ի դրությամբ արտահանվել է 21.4 հազար գլուխ ոչխար` նախորդ տարվա նույն ժամանակի 11.3 հազարի համեմատ:

«Հետաքրքիրն այն է, որ արտահանվել է հենց կենդանի ոչխար: Անցալ տարի մեծ մասամբ արտահանվել էր ոչխարի միս: Անցյալ տարի ավելի շատ ոչխար է ներմուծվել, քան այս տարի, փոխարենն ավելացել է արտահանումը: Սա նշանակում է, որ ոչխարաբուծությանը մարդիկ վերաբերում են որպես հետաքրքիր բիզնեսի»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց` արաբական երկրներում մեր ոչխարի մսի նկատմամբ բավականին մեծ պահանջարկ կա:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել