Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
10:35 - 22 մայիսի, 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամության համար:

Նա անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության շրջանակին և հյուրերին հակիրճ ներկայացրել Կառավարության գերակայություններն ու երկրում կատարվելիք բարեփոխումները:

Դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա խոսքը փոխանցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերին, ով ներկայացրել է գործակալության նպատակները և աջակցության ծրագրերի հիմնական երեք ուղղությունները՝ բնապահպանություն, ժողովրդավարություն և տնտեսության զարգացում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ առաջնային են դատաիրավական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների ամրապդնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները:

Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի համար ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, հյուրերին հայտնել, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը շուտով կհաստատվի և, օգտվելով առիթիվ, իր երախտիքի խոսքն է փոխանցել Շվեդիայի իշխանություններին ՀԸԳՀ վավերացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել