azatutyun.am: Բուժման նպատակով դեռ հունվարից Գերմանիա մեկնած ու մինչ օրս Հայաստան չվերադարձած, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։
Վերջերս Հատուկ քննչական ծառայությունն «Ազատությանը» փոխանցել էր, որ Մայրապետյանին գրություն էին ուղարկել նախատեսված բուժումն ավարտելուց հետո մինչև հոկտեմբերի 15-ը ողջամիտ ժամկետում վերադառնալ և ներկայանալ քննչական ծառայություն։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը:
Նրա փաստաբաններն ահազանգում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։
Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)