Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի հետ շետակի նվազել է, ԵՄ-ի հետ՝ աճել
 |civilnet.am|
17:58 - 11 հունիսի, 2025

Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի հետ շետակի նվազել է, ԵՄ-ի հետ՝ աճել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի առևտուրը Եվրամիության հետ տևական անկումից հետո սկսել է աճել, ԵԱՏՄ-ի հետ, ընդհակառակը, նկատվում է առևտրաշրջանառության կտրուկ նվազում՝ երեք տարի տևած շեշտակի աճից հետո:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 6,28 մլրդ դոլար՝ արձանագրելով 52,9% անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս նվազումը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրային հոսքերի թուլացմամբ:

Հայաստանից արտահանումը հունվար-ապրիլին կազմել է 2,42 մլրդ դոլար՝ նվազելով 60,3%-ով, մինչդեռ ներմուծումը հասել է 3,86 մլրդ դոլարի՝ կրկին արձանագրելով երկնիշ անկում՝ 46,5%: Արդյունքում առևտրային բացասական հաշվեկշիռը այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում կազմել է 1,44 մլրդ դոլար:

Այս ցուցանիշները էականորեն տարբերվում են 2024-ի նույն ժամանակահատվածից, երբ արտաքին առևտրաշրջանառությունն աճել էր 2,4 անգամ: Դատելով վիճակագրությունից՝ արտաքին առևտրի անկումը հիմնականում պայմանավորված է Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությամբ:

ԵԱՏՄ-ի հետ նվազել, ԵՄ-ի հետ առևտուրն աճել է

Ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ առևտրային հարաբերություններում: ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 61,5%-ով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար: Այս կառույցի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր առևտրում հունվար-ապրիլին նվազել է 44,8%-ից 36,6%-ի:

Մասնավորապես, Ռուսաստանի հետ առևտուրը, որը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, նվազել է 62,5%-ով՝ հասնելով 2,2 մլրդ դոլարի: ԵԱՏՄ-ի գլխավոր տնտեսության՝ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում նվազել է անցյալ տարվա առաջին չորս ամսվա 44,1%-ից 35,1%-ի:

Ի տարբերություն ԵԱՏՄ-ի, Եվրամիության երկրների հետ առևտրային հարաբերությունները սկսել են դրական դինամիկա արձանագրել՝ այսպիսով փակելով վերջին երկու տարվա ընթացքում ԵՄ-ի հետ առևտրի ծավալների անկման շրջանը: Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը աճել է 4,8%-ով՝ հասնելով 729,3 մլն դոլարի: Իսկ Եվրամիության տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում աճել է ավելի շեշտակի՝ 5,2%-ից բարձրանալով 11,6%-ի: Պատճառը ոչ այնքան Եվրամիության հետ առևտրի ակտիվացումն է, որքան հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ դինամիկայի կտրուկ անկումը:

ԵՄ-ի հետ առևտրի աճը հիմնականում ապահովվել է Նիդեռլանդների, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Իսպանիայի և այլ երկրների հետ ծավալների ավելացմամբ:

Տեղաշարժեր՝ առաջատար գործընկերների շարքում

Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը Ռուսաստանն է՝ 2,2 մլրդ դոլարով, սակայն նրա հետ առևտուրը կրել է ամենամեծ անկումը՝ 62,5%: ՌԴ-ից ապրանքների ներմուծումն այս տարվա հունվար-ապրիլին նվազել է 73,3%-ով՝ հասնելով 1,3 մլրդ դոլարի, մինչդեռ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 891,4 մլն դոլար՝ նվազելով 6,8%-ով:

Երկրորդ տեղում է Չինաստանն է՝ 765,6 մլն դոլարով: Չինաստանի հետ առևտուրը տևական աճից հետո նույնպես մտել է անկման փուլ՝ այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում նվազելով 26,1%-ով:

Հատկանշական է, որ Չինաստան արտահանումը նվազել է 73,4%-ով՝ հասնելով 156,8 մլն դոլարի, բայց ներմուծումն այդ երկրից, ընդհակառակը, գրանցել է 36,2% աճ՝ հասնելով 608,8 մլն դոլարի:

Երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 729,5 մլն դոլար ցուցանիշով: ԱՄԷ-ի հետ առևտուրը նույնպես արձանագրել է զգալի անկում՝ 74,4%: Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 702,6 մլն դոլար՝ նվազելով 75,2%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 72,4%-ով՝ գումարային արտահայտմամբ կազմելով 26,9 մլն դոլար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել