Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենը․ 300 հոգու թունավորման հետքերով |epress.am|
09:35 - 13 հունիսի, 2019

Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենը․ 300 հոգու թունավորման հետքերով |epress.am|

epress.am: Բացի նրանից, որ սնունդը համով չէր, ճանճերը խմիչքիդ ու ուտելիքիդ մեջ են, մի հատ էլ սննդային ինֆեկցիայի պատճառով գիշերը անգիտակից հայտնվում ես ինֆեկցիոնի բաժնում: Ու նույն վիճակում քո հետ են մոտ 300 հոգի։ Այս գրառումը հունիսի 11-ին ֆեյսբուքում արել էր Հերմինա Ղազարյան օգտատերը։

Մեկնաբանություններից պարզվեց, որ խոսքը «Ծիրանի» ռեստորանային համալիրի մասին է․ «Ժող եթե չեք ուզում Ձեր առողջությանը մեծ վնաս հասցնեք, Ծիրանիում բան մի կերեք: Աշխատակիցներիս մեծ մասը հիմա հիվանդանոցում են: Բոլորով հարսանիք էին գնացել: Հարսանիքավորների 50-60% ևս հիվանդանոցում են»:
Ռեստորանը գտնվում է Աբովյան քաղաքի մոտ՝ Առինջ համայնքում։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Անուշ Հարությունյանի խոսքերով, հարսանիքը եղել է հունիսի 8-ին, գրառումը կատարվել է հունիսի 11-ին։ «Մենք արձագանքնել ենք, մեր տեսուչները գնացել են ռեստորան և փորձել են հասկանալ, ինչ է մնացել այդ օրվա ուտելիքից, ինչ կարող են վերցնել, տան ստուգման։

Ռեստորանում բացված է դիտարկում՝ անկախ նրանից, թե ինչ կգտնեն, մենք ստուգում ենք, թե սանիտարահիգենիկ նորմերը ինչ վճակում են, դիտարկման արդյունքները կլինեն մի 10 օրվա ընթացքում, հետագծելիությունով պարզ լինի որտեղից է բերվում մթերքը։ Այդքան մարդկանց դիմելը նշանակում է, որ սննդային խնդիր է եղել։ Այդուհանդերձ 10 օր անց դիտարկման արդյունքները պարզ կլինեն»։

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հունիսի 11-ին՝ աղիքային վարակներին բնորոշ ահազանգի վերաբերյալ։ Համապատասխան գանգատներով 4 մարդ դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար», տեղեցնում է նախարարությունը և հորդորում․

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝

— սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

— չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,

— սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
— ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

— չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

— ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

— առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),

— սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

— պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք,

— հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել