Կանաչ տնտեսությունից մինչև տեխնոլոգիական ծրագրեր. Հայաստանը կհրավիրի ԵՄ ներդրողների ուշադրությունը |armenpress.am|
14:33 - 22 հունվարի, 2020

Կանաչ տնտեսությունից մինչև տեխնոլոգիական ծրագրեր. Հայաստանը կհրավիրի ԵՄ ներդրողների ուշադրությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներդրումների ներգրավման առումով Հայաստանի տնտեսական կյանքում վերջին 1.5 տարում տեղի ունեցած կարևորագույն փոփոխությունն է համարում ծրագրեր իրականացնելու ազատ հնարավորությունը: Հայաստանը պատրաստվում է Եվրոպական միություն-Հայաստան ներդրումային համաժողովի շրջանակում ԵՄ ներդրումային ողջ պոտենցիալի ուշադրությունը հրավիրել կայուն զարգացում ապահովող ոլորտներում առկա ծրագրերի ուղղությամբ: Այս մասին նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջին անգամ է, որ պետք է իրականացվի Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափով ներդրումային համաժողով: Մենք որոշել էինք այս համաժողովը պայմանականորեն անվանել «Կանաչ տնտեսություն և ներառական զարգացում». խորագիրը հուշում է, թե ինչ հարցերի պետք է առավելապես ուշադրություն դարձնենք, որպեսզի Հայաստանում առաջիկա տնտեսական զարգացումները լինեն հատկապես ներառական և ուղղված լինեն այնպիսի ոլորտների, որոնք երկարաժամկետ կայուն զարգացում են երաշխավորում։ Նպատակն այն է, որ Եվրոպական միության ողջ ներդրումային պոտենցիալի ուշադրությունը հրավիրենք Հայաստանում առկա զարգացման հեռանկար ունեցող ծրագրերի ուղղությամբ: Կարծում ենք, որ պետք է լինեն հատկապես կանաչ տնտեսական պոտենցիալի զարգացման հետ կապված հարցերը, բարձր տեխնոլոգիական ոլորտում եղած ծրագրերը և ներառեն ենթակառուցվածքները»,-ասաց Խաչատրյանը:


Հունվարի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացել է Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մասնակիցները կենտրոնացել են այն օրակարգի շուրջ, որը պետք է ձևավորի աշնանը կայանալիք համաժողովի բովանդակությունը: Նախարարը նշեց՝ առաջիկա շաբաթում կհաղորդակցվեն նաև մասնավոր հատվածի հետ: Թվարկած ուղղություններից բացի, չպետք է բաց թողնել որևէ կարևոր հարց, ծրագիր, որը կարող է ուշադրության առարկա դառնալ, ներառվել առաջարկությունների փաթեթում:

Անդրադառնալով եվրոպացի ներդրողների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությանը՝ նա նկատեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը կլինի այնքան, որքան Հայաստանը կկարողանա ճիշտ ներկայացնել իր հնարավորությունները: Անդրադառնալով հարցին, թե վերջին 1.5 տարում ինչ է փոխվել Հայաստանում ներդրումային դաշտի առումով, որ պոտենցիալ ներդրողները գան ու ներդրում անեն՝ Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական կյանքում, ազատ մրցակցության և ծրագրեր իրականացնելու ազատ հնարավորությունն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել