armenpress.am: Բնակարանային վարձի աջակցության ծրագիրը (40+10 հազար դրամ աջակցության ծրագիր) իր նպատակային գործառույթից շեղվել է՝ դառնալով ժամանակավոր սոցիալական օգնություն, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի իրականացմանը։
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը դեռ 2023 թվականի հոկտեմբերին գործարկել է ժամանակավոր բնակարանային աջակցության ծրագիր՝ 50 հազարական դրամի չափով ամսական աջակցություն տրամադրելով յուրաքանչյուր շահառուի։ Սակայն ժամանակի ընթացքում այդ ծրագիրը հանրության մի մասի կողմից ընկալվել է որպես անժամկետ սոցիալական աջակցություն։
«Մենք ունենք կարծիք, որ այս սոցիալական օգնության տպավորություն թողնող միջոցառումը ժամանակի ընթացքում դարձավ գործոն, որով մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք սեփական իրավունք ենք խոստանում ընտանիքներին, յուրաքանչյուր անդամի հաշվով 3-4 կամ 5 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց երկարաժամկետ բնակության վայրը և տեղը։ Եվ մենք հասկացել ենք, որ այս ժամանակավոր սոցիալական բնույթ ունեցող բնակարանային վարձի աջակցության ծրագիրը դարձել է խանգարող գործոն երկարաժամկետ աջակցության ծրագիրը իրականացնելու հարցում»,- ասաց Խաչատրյանը։
Փոխվարչապետը պարզաբանեց՝ հենց այդ պատճառով կառավարությունը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր վերանայել ծրագրի պայմանները՝ 2025 թվականի ապրիլից աջակցությունը տրամադրելով միայն խոցելի խմբերին՝ երեխաներին, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցողներին և կերակրողին կորցրած ընտանիքներին։ Աջակցության չափը կկազմի ապրիլ-հունիսին՝ 40 հազար, իսկ հուլիսից մինչև տարեվերջ՝ 30 հազար դրամ մեկ անձի հաշվով։
comment.count (0)