Կառավարությունը 2020-ին նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր |armenpress.am|
11:23 - 30 հունվարի, 2020

Կառավարությունը 2020-ին նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի։ Բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք հարյուր տոկոս կատարողականից: Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերն ինչպես են արված: Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն՝ առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի 1-ի դրությամբ իմանան, թե ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել: «Եվ եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել