Զինվորների չբացահայտվող մահերն ու «պատմական մինիմումի» երազանքը |factor.am|

18:00 - 03 փետրվարի, 2020

factor.am:   Հայկական բանակում զինծառայողի հերթական մահը դարձել է մեծ աղմուկի և զայրույթի առիթ։ Արմավիրի Հայթաղ գյուղի բնակիչ, զինծառայող Վահրամ Ավագյանը, ըստ Քննչական կոմիտեի, մահացել է հունվարի 30-ին Արցախում՝ ուսումնական կենտրոնում։ Քննչական մարմինը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ինքասպանության մասին հայտարարությունը Վահրամ Ավագյանի հարազատներին դրդել էր դիմել ծայրահեղ քայլի՝ զինծառայողի դին տեղափոխել Երևան՝ Պաշտպանության նախարարություն։ Նրանց ճանապարհը փակել էին ոստիկանները, հանդիպման էր ժամանել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ինչ որ ֆիզիկապես եղել ա, ես չգիտեմ, բայց բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետև չեն հետևել պատշաճ ձևաչափով և խստորեն պատժվելու են քրեաիրավական մասով։ Ինձ չվստահելու պատճառ չունես»,- ասել էր նախարարը։

Նախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացումից հետո, որ ինքը հետևելու է գործին, զինծառայողի հարազատները վերադարձել են Հայթաղ և հուղարկավորել Վահրամ Ավագյանին։ Նրա մահվան օրը՝ Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Սակայն այն բանից հետո, երբ մահացած զինծառայողի հարազատները ընդվզեցին ինքնասպանության վարկածի տարածման դեմ, Քննչական կոմիտեն հայտարարեց ձերբակալվածների մասին՝ համածառայակիցներ Խաչիկ Արմենի Գասպարյան, Սպարտակ Արթուրի Ավետիսյան և Դավիթ Առաքելի Մովսիսյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։ Նա հայտնել է, թե որդին կապ չունի մահացած զինծառայողի հետ, ավելին՝ պնդել, թե ինքն անձամբ է միանալու զոհվածի ծնողներին՝ ճշմարտությունը բացահայտելու համար։

Զինծառայողի հորեղբայր Սամվել Ավագյանը, որ նաև դիահերձմանն է ներկա եղել,  պատմել է՝ ինքնասպանության վարկածը անհավատալի է․ «Զենքի վիճակը այ էս դիրքից ա եղել, նա մեկ ձեռքով հնարավոր չէր կրակել, երկորդ ձեռքով փողը պետք է պահեր, 10 փամփուշ կրակելուց հետո ձեռքերում այրվածքներ պիտի լիներ, չկան»։

Զինծառայող Վահրամ Ավագյանը, ըստ մոր՝ Նվարդ Ավագյանի, մահից 45 րոպե առաջ խոսել է եղբոր հետ։ Եղբայրն ու մորաքույրը ևս՝ վստահ են, որ իրենց որդուն սպանել են. «Իմ տղու դեպքից մի օր առաջ հեռուստացույցով նայեցի, ցույց տվին՝ ասին 2000 թվի երեխա էլի ինքնասպան է, նրանից հետո մի ուրիշը էլի՞ ինքնասպան։ Պահանջում եմ արդարություն, որ իմանամ իմ բալեն ոնց ա գնացել։ Թող ճիշտը ասեն, արդարություն, ստից տեղը երեխեն ինքնասպան չի եղել, ինքը ինչ ուժեղ էր՝ թևով թիկունքով»։

Զինծառայողի մորաքույր Արաքսյա Գևորգայնն ասում է․ «Բացառվում է ինքնասպանություն՝ ամբողջ գյուղի պարծանքն էր՝ հարգանքով։ Օձերի ու կարիճների մեջ մեծացած, հաց չի եղել ուտեն, դժվարություններ է տեսել, օտպուսկ էր եկել, շատ լավ էր։ Բացառվում է ինքնասպանություն։ Ով արել ա, թող պատասխան տա»։ Վահրամի եղբայրը՝ Վարազդատ Ավագյանը, նշում է․ «Ես էլ եմ ծառայել, եթե մյուս ձեռքով բռներ, այրվածք կլիներ, իրեն սպանել են։ Ինքը հասուն, ընտանիքը սիրող մարդ էր, սիրած աղջիկ ուներ, ուզում էր գար ամուսնանար»։

Զոհված զինծառայողի ընտանիքին այցելած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատմում է՝ ընտանիքին հունից հանել էին ինքնասպանության լուրերն այն դեպքում, երբ Վահրամ Ավագյանը նոր էր արձակուրդից վերադարձել զորամաս՝ բարձր տրամադրությամբ և ոչ մի խնդրի մասին չէր հայտնել ընտանիքին։ Ըստ նրա՝ եթե ողջ գյուղը ոտքի չկանգներ, ձերբակալվածներ չէին լինի։

Ժաննա Ալեքսանյանն ասում է․«Բացահայտ սպանությունները դառնում են ինքնասպանություններ և այս մարդիկ տեսնելով, որ անպատժելիություն է, իրենք գտել են բողոքի այդ ձև՝ բողոքի ակցիայով ցույց տալով, որ համաձայն չեն։ Կոռուպցիոն մեծ ռիսկեր եմ տեսնում, որ զինվորին սպանում են, հրամանատարությունը տեղյակ է և քննչական մարմնի հետ մշակում են սցենարը՝ ինչպես առաջ տանել։ Պետք է հրամանատարական կազմին փոխի, պետք է պատասխանատուներ լինեն զինվորի համար, և պատասխանատվության ենթարկվեն, որ վերանան այդ դեպքերը, ինչպես կարող է զորքի առաջ կանգնել ինքասպան լինել, դա անհավանական է, և այդքանից հետո չբացել դեպքի մանրամասները, որ հանրությունն իմանա»։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է վարչապետի հայտարարությունը, թե 2019-ին 49 զոհ է գրանցվել բանակում, ինչը պատմական մինիմում է, թեև կային հակառակի մասին տեղեկություններ, շեշտելով՝ խորքային բարեփոխումներ իրականում բանակում չկան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել