tert.am: Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի դին հարազատների կողմից Երևան բերելու ճանապարհին դեպքի վայր հասավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինչ որ հայտնի է նախաքննության մարմիններին, իրեն էլ է հայտնի: Այսպիսով նա խնդրում էր, որ որոշում կայացնողների հետ ունենա առանձնազրույց և հետո բոլորի ներկայությամբ կխոսի: Սկզբում, թեև զոհվածի հայրը ցանկանում էր, որ բոլորի ներկայությամբ խոսի նախարարը, սակայն այնուհետև նրանք առանձնացան, որպեսզի զրուցեն:
«Հիմա ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ,որ եղել է ինքնասպանություն և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Առաքել Մովսիսյանի։(նախարարը նկատի ունի Առաքել Մովսիսյանին` հայտնի որպես Շմայս ): Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է»– ասաց նախարարը։
Զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան։
comment.count (0)