Ակնհայտ է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են․ Էդմոն Մարուքյան
09:26 - 06 փետրվարի, 2020

Ակնհայտ է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ խախտվել են Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը։

«Մենք խորհրդի նիստում, երբ քննարկում էինք այս նախագծերը, որ մի քանի անգամ փոփոխություն եղավ օրակարգի մեջ, ես զգացողություն ունեի՝ դուք ամեն ինչ անում եք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներն ու ոգին պահպանվի, որովհետև շատ կարևոր գործընթաց է սա։ Հիմա, ըստ էության, ակնհայտ է, որ մեր կողմից հղում արված Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են, և այդ նորմերի խախտումներով շրջանառության մեջ է դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծ, չի նշանակվել գլխադասային հանձնաժողով, գլխադասային հանձնաժողովը չի տվել եզրակացություն այդ մասին, և մենք գնում ենք առաջ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի կարծիքով դա լուրջ խնդիր է, և ուզում է իր մտահոգությունը փոխանցել, որովհետև սա ի սկզբանե դելեգիտիմացնում է ամբողջ գործընթացը: Նա դիմեց ԱԺ նախագահին՝ գործընթացը դադարեցնելու հորդորով։

«Պարո՛ն Միրզոյան, Դուք՝ որպես ԱԺ նախագահ, կարծում եմ, պետք է դադարեցնեք պրոցեսը, և փորձենք ճիշտ ճանապարհով գնալ, այսինքն՝ պահել օրենքի ոգին ու դրույթները»,- ասաց ԼՀԿ նախագահը։

Անդրադառնալով Մարուքյանի դիտարկումներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ գլխադասային հանձնաժողով նշանակվել է, եզրակացություն, սակայն, այո՛, չի հասցրել տալ, որովհետև նախաձեռնողն արտահերթ նշանակել է մինչև նիստը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել