Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին |azatutyun.am|
15:27 - 09 մարտի, 2020

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսը նաև պաշտոնական արարողակարգերում է փոփոխություն մտցրել. Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Թագավարություն առանց ձեռքսեղմումների է մեկնարկում։

Առաջինը Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին է հանդիպում։ Մի քանի վայրկյան կադրեր անելու համար, և արդեն տեսանկարահնելու համար փակ է Փաշինյան-Միշել առանձնազրույցը։ Վարչապետն իր «Ֆեյսբուք»-ում գրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։

Փաշինյանը Եվրոպական միության մայրաքաղաքում հանդիպելու է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկին։ Արդյո՞ք հանդիպմանը քննարկվելու է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ ԵԺԿ-ին անդամակցության հարցը, կուսակցությունից դեռ չեն հստակեցնում:

ՔՊ վարչության անդամ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այդ հարցին այսպիսի պատասխան է տալիս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահի դրությամբ որևէ եվրոպական կուսակցական կառույցի անդամակցելու դիմում չի ներկայացրել։

«Եթե նկատի ունեք՝ արդյո՞ք ինչ-որ դիմում կա անդամակցության այս պահի դրությամբ, ոչ», - ասաց Ռուբինյանը։

Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Իսկ թե ի՞նչ օրակարգով է վարչապետը Եվրոպական միության մայրաքաղաքում, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարճ պատասխանեց. «Ընդհանուր մեր օրակարգը Եվրամիության հետ հարաբերությունների, ինչպես նաև կուսակցությունների միջև համագործակցության հետ կապված հարցեր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել