armtimes.com: Նավթի գների անկմամբ պայմանավորված՝ ռուսական ռուբլին էականորեն արժեզրկվել է։ Մարտի 6-ին Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի ու Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) մյուս անդամների միջեւ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունները ձախողվեցին, ինչը բերեց նավթի գների նվազման: «Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ին նվազել էր ավելի քան 30 տոկոսով՝ դառնալով շուրջ 31 դոլար 1 բարելի դիմաց: Մարտի 10-ին, սակայն, այն բարձրացել է որոշակիորեն՝ դառնալով շուրջ 37 դոլար:
Այս պահին դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է՝ հասնելով մինչեւ 1 դոլարը 72.8 ռուբլի:
Եվրոն աճել է 5 ռուբլով՝ հասնելով մինչեւ 82.5 ռուբլի։ Ռուսական արժույթը հասել է 2016-ի փետրվար-մարտ ամիսների մակարդակին։
Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, եւ բացի այդ, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեծ թվով հայեր կան՝ սա չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կնվազեն մասնավոր տրանսֆերտները (դրամի փոխանցումը մի երկրից մյուսը), որովհետեւ տրանսֆերտների մեծ մասը Հայաստան է ուղղվում ռուբլով. «Մասնավոր տրանսֆերտներն արտագնա աշխատողների ուղարկած գումարներն են, որը բավական մեծ ծավալ է կազմում: Սրա արդյունքում ռուբլով գումարը կմնա նույնը, բայց դոլարով՝ կնվազի»:
Պատգամավորի խոսքով՝ վերջին 2 տարվա զարգացումներում կա մի փաստ, որն ուշադրությունից դուրս է մնացել. «2019 թ. տվյալներով՝ մասնավոր տրանսֆերտների ծավալը դոլարով հաշվարկված եղել է 504 մլն, դա վերջին՝ առնվազն 10 տարիների ամենացածր ցուցանիշն է: Ժամանակին մասնավոր տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը 1 միլիարդի էր մոտենում, ու դա շատ մեծ ազդեցություն ուներ տնտեսության վրա: Բայց 2018-19 թթ. մասնավոր տրանսֆերտները զգալիորեն նվազեցին, սակայն դա տնտեսության վրա ազդեցություն չունեցավ: Մեր տնտեսությունն արդեն ունի այլ կառուցվածք, ու մասնավոր տրանսֆերտներից կախումն այդքան մեծ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ ահռելի գնողունակ պահանջարկ էին ապահովում մասնավոր տրանսֆերտները, ու դրանց նվազումը սովորաբար բերում էր կա՛մ տնտեսական աճի ցուցանիշի անկման, կա՛մ դոլարի արժեզրկման»:
Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը, որը ՀՀ տնտեսության վրա բացասական էր ազդում, մասնավոր տրանսֆերտների նվազումն էր եւ պղնձի գնի անկումը. «Հիմա 2019-ին պղնձի գինը նվազել է, մասնավոր տրանսֆերտները, մեղմ ասած, էականորեն նվազել են, բայց մեր տնտեսությունում կա բավականին շոշափելի աճ, կա նաեւ դրամի արժեվորման ճնշում: Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում, որ այդ արժեվորումը չեզոքացնի, ու դրան զուգահեռ՝ ՀՀ-ն հսկայական ծավալների արտաքին պահուստ ունի՝ մոտ 3 մլրդ դոլարի»:
Գեւորգյանն ասաց, որ Ռուսաստանի բյուջեում «Brent» տեսակի նավթի գնի կանխատեսումը 42 դոլար է, եւ դրանից որքան ցածր լինի, ՌԴ բյուջեի դեֆիցիտը կաճի. «Ինչքանով սա երկար կտեւի՝ դժվար է ասելը, որովհետեւ «OPEC+»-ի համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչեւ ապրիլի 1-ը: Եթե մինչ այդ չստորագրվի, ապա որեւէ երկիր սահմանափակում չի ունենա նավթի արդյունահանման: Նախկինում եղել են սահմանափակումներ, ու եթե նոր պայմանագրեր չկնքվեն մինչ այդ, նավթի գինը կարող է գահավիժել մինչեւ 10 դոլար: Այդ դեպքում դժվար է կանխատեսել, թե աշխարհում ինչ կլինի: Բայց կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, դա մի քանի երկրների «միջանձնային» հարաբերությունների պարզումն է միջազգային դաշտում՝ փորձելով նավթի նոր շուկաներ գտնել: Սա այս պահին կարճատեւ շոկ է: Երկարատեւ կլինի, թե ոչ, պարզ կլինի ապրիլի 1-ից հետո»:
Հարցին՝ ինչպես կազդի այս ամենը Հայաստանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Ազդեցությունը կարող է լինել երկակի: Մենք նավթամթերք ներմուծող երկիր ենք, ու այդ տեսանկյունից նավթի գնի անկումը մեզ ձեռնտու է, բայց մեր արտաքին հիմնական շուկայում՝ ՌԴ-ում, գնողունակությունը կնվազի: Այնպես որ, դրական ու բացասական 2 գործոն կլինի: Բայց շատ կարեւոր գործոն կա. նավթի գնանկումը վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, իսկ դա կարող եք կռահել՝ լավ է, թե վատ»:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)