azatutyun.am: Իրաքում այսօր կրկին հրթիռակոծվել է Բաղդադին մոտ գտնվող «Քամփ Թաջի» ռազմակայանը, որտեղ տեղակայված են կոալիցիոն ուժերը: Ըստ Իրաքի անվտանգության ուժերի պաշտոնյաների՝ ռազմակայանի վրա մեկ տասնյակից ավելի հրթիռներ են արձակվել: Հրթիռների մի մասն ընկել են կոալիցիոն ուժերի տեղակայման հատվածում, մյուս մասը՝ իրաքյան օդուժի կողմից օգտագործվող թռիչքուղու վրա:
Այս պահի դրությամբ հարձակման հետևանքով տուժածների մասին լուրեր չկան:
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, նույն ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով 3 զինծառայող է զոհվել՝ 2 ամերիկացի և մեկ բրիտանացի:
Մարտի 13-ին ամերիկյան և բրիտանական օդուժը պատասխան հարված էր հասցրել՝ հիմնականում թիրախավորելով «Քաթաիբ Հըզբոլա» խմբավորման զինապահեստները:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դատապարտել էր ամերիկյան ավիահարվածները՝ ասելով, թե Իրաքը կարող է քաոսի մեջ ընկնել ու «չկայացած պետություն» դառնալ:
comment.count (0)