Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են. Համբարձում Մաթեւոսյան |news.am|
16:23 - 16 մարտի, 2020

Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են. Համբարձում Մաթեւոսյան |news.am|

news.am: Այս պահին Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը՝ չբացառելով՝ որ հնարավոր է լինեն մասնավոր ընկերություններ, որոնք շարունակում են աշխատել։

«Երթուղիներն այս պահին չեն աշխատում։ Աշխատում ենք քաղաքը ակտիվության տեսակետից պահել մաքսիմալ պասիվ։ Թե քաղաք մուտք գործելը, թե ելքը քաղաքից՝ պետք է լինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասաց Արմավիրի մարզպետը։

Մաթեւոսյանի խոսքով՝ Էջմիածնի միջքաղաքային տրանսպորտը շարունակում է աշխատել. «Մի քանի ժամ առաջ եմ քաղաքապետի հետ խոսել, այն գործում է ու անընդհատ ախտահանում ենք մեքեաները, բայց եթե անհրաժեշտություն լինի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքներն էլ դադարեցնել, ապա դա էլ կանենք, քանի որ տրանսպորտն ինքնին ենթադրում է մի քանի մարդու ներկայություն, որից հենց այս պահին մենք ցանկանում ենք խուսափել»։

Կապված տրանսպորտային միջոցների հետ, որոնք փակ են պահում ճանապարհները, Մաթեւոսյանն ասաց, որ ամեն ինչ համաձայնեցված է դրանց սեփականատերերի հետ. «Որեւէ ստիպողաբար բան չկա»։

Մաթեւոսյանի խոսքով՝ եւ երեկ գիշերը եւ այսօր առավոտյան մի քանի ժամով եղել է անցակետերում եւ անձամբ հետեւել իրականացվող աշխատանքներին. «Այսօր առնվազն 3 ժամ կանգնած եմ եղել անցակետերի մոտ, 5 ժամ էլ երեկ գիշերը։ Բժիշկների հետ շրջել եմ անցակետերում։ Այն քաղաքացիները, որոնք ջերմություն ունեին, վերցվել են կոնտակտային տվյալները եւ հետ ուղարկվել քաղաք՝ ինքնամեկուսանալու։ Հնարավոր է սովորական գրիպ կամ մրսածություն լինի, բայց ամեն դեպքում մարդիկ են, որոնք գտնվում են խոցելի դաշտում եւ ճիշտ ենք համարում նրանց հետ ուղարկել քաղաք»։

Մարզպետը Էջմիածնի բնակիչներին եւս մեկ անգամ կոչ արեց միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից. «Դա ծանրաբեռնում է մոնիտորինգի աշխատանքները, ծանրաբեռնում է վերահսկողության աշխատանքները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել