Էջմիածին

Քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Քաղաքում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Քաղաքապետը Դիանա Գասպարյանն է:

Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Վաղարշապատի ղեկավար Դիանա Գասպարյանի երդման արարողությամբ է սկսվել խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որին, նորընտիր ավագանուց բացի, ներկա են եղել նաև քաղաքացիներ:   Դիանա Գասպարյանը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությամբ, ստացավ ևս հինգ տարի պաշտոնավարելու քվե:   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը՝ 10, «Հայրենատեր» կուսակցությունը՝ 2 մանդատ:   Դիմելով ավագանու ընդդիմադիր թևին՝ քաղաքապետը կոչ է արել՝ հանուն համայնքի ու բնակիչների բարօրության՝ աշխատել համերաշխության մթնոլորտում և լինել կառուցողական:   Դիանա Գասպարյանը երդվել է ազնվորեն ու բարեխղճորեն կատարել ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը:   Այդ ուղղությամբ արված աշխատանքները՝ փողոցների ասֆալտապատումից ու սալարկումից մինչև մանկապարտեզների նորոգում, դեռ ընթացքի մեջ են: Առջևում նոր ծրագրերն են:
16:16 - 17 դեկտեմբերի, 2021
ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի վերանորոգման համար դրամաշնորհային ծրագրիը

ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի վերանորոգման համար դրամաշնորհային ծրագրիը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի» 90181 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանի միջև։ Արարողությանը ներկա են եղել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ պարոն Արկադի Պապոյանը և Էջմիածնի քաղաքապետի տեղակալ պարոն Մհեր Մկրտչյանը։ Ծրագրի նպատակն է բարելավել Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի երեխաների և ուսուցիչների ուսումնական և աշխատանքային միջավայրը՝ վերանորոգելով մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, զուգարանները, խոհանոցը և պատշգամբները: Արդյունքում ավելի քան 420 երեխաներ և ուսուցիչներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից։ 
18:52 - 01 դեկտեմբերի, 2021
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 11 նոյեմբերի, 2021
Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ, Էջմիածինը և Ոսկեհատը բոլորիս տունն են: Մեր միասնական նպատակն է ապահովել մեր խոշորացվող համայնքի բնականոն զարգացումը, այն դարձնել առավել բարեկեցիկ, անվտանգ ու ապահով համայնքի բնակիչների և էլ ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար։ Անցած տարիների ընթացքում Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն իր ներուժով, նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների բնականոն զարգացումը, գործարարության և ներդրումների հոսքի խթանումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, հանգստի գոտիների ստեղծումը, մշակութային ու սպորտային ենթակառուցվածների բարելավումը առաջիկա հինգ տարիներին լինելու են իմ եւ մեր թիմի գործունեության հիմնական ուղղությունները:    Այս նպատակներն իրագործելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թիմն ունի ձեզնից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Ձեր վստահության քվեի շնորհիվ մենք կկարողանանք ունենալ սոցիալապես ավելի պաշտպանված, տնտեսապես ավելի աշխույժ, ավելի բարեկարգ ու ավելի հյուընկալ համայնք»։
09:18 - 11 նոյեմբերի, 2021
Քաղաքացին ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Հունդայի Էլանտրա» ավտոմեքենայում գտնվող տղամարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի․ Ոստիկանություն

Քաղաքացին ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Հունդայի Էլանտրա» ավտոմեքենայում գտնվող տղամարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի․ Ոստիկանություն

2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: (լուսանկարներ) Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:55 - 05 մայիսի, 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստացել են հանդիպում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
 |shantnews.am|

Անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստացել են հանդիպում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ |shantnews.am|

shantnews.am: Էջմիածնից զորակոչված ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ավելի քան 50 օր է՝ իրենց տղաներից լուր չունեն։ Նրանք պնդում են, որ այս ընթացքում պատկան մարմիններից որևէ հստակ տեղեկություն չեն ստացել: Այսօր ևս հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասերից մեկի մերձակայքում։ Նրանց պահանջը մեկն է՝ որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, ուր իրենց որդիներին են զորակոչվել: Կեսօրին ակցիայի մասնակիցների և գնդի հրամանատարի միջև վիճաբանություն է սկսվել։ Ծնողները կոտրել են նաև ապակիներ։ Շտաբի պաշարումը դադարեցնելու համար անհետ կորած զինծառայողի մորը՝ Անահիտ Ադոյանին, ներս են հրավիրել։ Վերջինս Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանի հետ մոտ մեկ ժամ բանակցելուց հետո հայտարարել է, որ կտրուկ գործողությունները դադարեցնում են, բայց չեն հեռանալու։  «Հորիզոնի» հետ ունեցած հեռախոսազրույցում Անահիտ Ադոյանը տեղեկացրել է, որ զորամասի տարածքում ակցիան այսօր դադարեցրել են, և ՌՈ ներկայացուցչի խոստման համաձայն՝ կսպասեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը։
22:34 - 11 դեկտեմբերի, 2020
Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:   Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախցիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:   Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար և բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը Հայաստանին և Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:   Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը և շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար:   Պետքարտուղարը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:   Հանդիպման ավարտին կողմերը հետագայում համագործակցության շրջանակն ընդլայնելու և առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:   Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:
20:52 - 28 նոյեմբերի, 2020