armenpress.am: Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԿԲ-ն դիմել էր բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման համար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նաև Արթուր Ջավադյանը նշեց, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերը առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խնդրեց Արթուր Ջավադյանին բացել փակագծերը:
«Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Արթուր Ջավադյանը:
Վարչապետն էլ իր հերթին հիշեցրեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա , այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: Նախորդ տարի ՀՀ ԿԲ-ն շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բանկային համակարգում իրավիճակը կայուն է:
comment.count (0)