Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|
15:21 - 18 մարտի, 2020

Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

tert.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ այս օրենքի անհրաժեշտությունը հրատապ է, կարելի է ասել՝ օրահասական, և նպատակն է նվազագույնի հասցնել պետության համար ռիսկերը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված օրենքի հրատապությունը, որին ի պատասխան զեկուցողն ասաց, որ ներկայիս օրենսդրությունը չի բխում պետության շահերից, խոցելի է դարձնում պետությունը ցանկացած իրավիճակում․ «Մենք նախորդ տարվա ընթացքում ականատես եղանք, թե որքան թերի է մեր օրենսդրությունը, և որքան կարևոր իրավական գործիքակազմ է բացակայում վեճերի հարթման այն փուլում, երբ պետք է պետության համար կարևոր որոշումներ կայացվեն»։

Հայկ Սարգսյանը կոչ արեց նախագիծը հետ կանչել, և տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու: «Այս մի քանի ամսվա քննարկումները, որոնք ձեր օրենքի նախագծի շուրջ տեղի էին ունենում, կարող էինք այդ ժամանակահատվածը ավելի արդյունավետ օգտագործել և արդեն իսկ զբաղվել օրենսդրական դաշտը բարեփոխելով, և շատ ավելի մեծ աշխատանք կատարած կլինեինք»,-ասաց նա:

Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը ո՛չ ինքը, ո՛չ համահեղինակները նախագիծը հետ չեն կանչելու։ «Չափազանց կարևորում եմ նախագիծը և բացառված է, որ ես, որպես համահեղինակ, հետ վերցնեմ: Ես կխնդրեմ, որ ցուցումներ չանեք, թե ինչ կլիներ, եթե սա անեի նախորդ ամիսների ընթացքում: Ես արդեն իսկ որոշակի նախագծեր արել եմ, որոնք ոլորտի բարեփոխումներին են վերաբերում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել