Վարազդատ Կարապետյան

Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։

 Ծնվել է 1974թ. ապրիլի 11-ին Սեւանում: 1996 թ, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, 1999թ-ին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան:  1995-1996թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական: 1999-2000 թթ․ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թթ․՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։

2003թ.եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2007-2009թթ.՝ Գավառի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր։ 2011-2012 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական: 2012 թվականին հունվարից մինչեւ 2014 թվականի հունիսը ղեկավարել է Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը: 2014 թվականին հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ: 2017 թվականի հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2020 թվականի նոյեմբերի 25-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։ 2020 թվականի դեկտեմբերի 4-ից աշխատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ։

Ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից․ Վարազդատ Կարապետյանն ազատման դիմում է գրել

Ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից․ Վարազդատ Կարապետյանն ազատման դիմում է գրել

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար։ Պատկերացնում եմ այս քայլիս ամենախայտաբղետ մեկնաբանությունների ու շահարկումների հնարավորությունը: Այդ ամենին իմ վերաբերմունքն ու ասելիքը մեկ- երկու օրում չի ձևավորվել: Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին։ Այս ամենին հասնելու ճանապարհը չենք կարող սևերի ու սպիտակների բաժանելով, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդելով ու քայքայելով անցնել: Հետ նայելով կառավարող ուժի հետ իմ անցած ճանապարհին, վերլուծելով դա պատերազմի ընթացքում և դրանից հետո ինձ համար բացահայտվող իրողությունների լույսի տակ, հասկանում եմ, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա: Իմ քայլերը ոչ միշտ են եղել արդյունավետ կամ դրանց երկարաժամկետ ազդեցությունը եղել է անհայտ ուղղությամբ։ Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից։ Խորհրդարանական իմ գործունեության արդյունքների մասին ճիշտ չեմ համարում այստեղ հիշատակել, քանզի գտնում եմ, որ հենց այդ գործերի համար եմ պատվիրակված եղել: Իմ այս քայլով ես չեմ ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը կամ կուսակցապետին, հատկապես հիմա, երբ պառակտման ու միմյանց լափելու միտումները կործանարար գագաթնակետին են հասնում: Ես ընտրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, ավանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետությունը, որտեղ մարդու իրավունքը չի հակադրվում ազգային պետությանը, որտեղ բանակը գիտության, տնտեսության ու կրթության զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխությունը, միասնությունը, և այս տիրույթում Նժդեհն ամենավառ հերոսն է։ Հիմա ընկերներիս հետ ստեղծում ենք ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում կգրեմ կամ կպատմեմ մեր ծրագրերի մասին ավելի ընդարձակ»։
10:12 - 16 փետրվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի,  Լիլիթ Մակունցի ու Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 15 դեմ ձայներ: Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նախագծով ավելացվում է նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապատասխան օրենսդրությամբ:  Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: Նախագծով սահմանվում է, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել: Սակայն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այդ դրույթում կարվեն  փոփոխություններ ՝ սահմանելով, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի: Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:  Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
10:41 - 18 սեպտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը,  Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագծով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը: «Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Հիմա մենք ավելացնում ենք նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասաց Կարապետյանը: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապաստախան օրենսդրությամբ:  Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: «Մենք գտնում ենք, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել»,-նշեց Կարապետյանն ու հավելեց՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, սակայն, փոփոխություն կկատարեն՝ կսահմանեն, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի: Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:  Ինչ վերաբերվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնկատարի նշանակմանը, սահմանվում է, որ վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել և ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ նույն մարդը 12 ամսից ավելի չի կարող ժ/պ նշանակվել՝ անգամ, եթե տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել: Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
15:03 - 16 սեպտեմբերի, 2020
Առաջարկվում է հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ղեկավարներին հայտարարագիր ներկայացնել
 |armtimes.com|

Առաջարկվում է հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ղեկավարներին հայտարարագիր ներկայացնել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը եւ Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ դարձնել։ Նրանք կարծում են, որ հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Պատգամավորները նշել են, որ սրանք հավելյալ վստահություն կձեւավորեն սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն կտան իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ: Նրանք առանձին-առանձին նախագծերով նշել են, այն կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք պետք է հայտարարաիգր ներկայացնեն՝ Փոստային կապի եւ (կամ) սուրհանդակային կապի օպերատորի եւ ազգային օպերատորի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Ջրային ոլորտի լիցենզավորված ֆիզիկական անձը կամ լիցենզավորված իրավաբանական անձի իրական սեփականատերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Էներգետիկայի ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը։
22:37 - 23 հունիսի, 2020
Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին․ Վարազդատ Կարապետյան  |lragir.am|

Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին․ Վարազդատ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ «Այն մեխանիզմը, որով հանրությունը պետք է կարողանար վերահսկել քաղաքական համակարգը՝ ընտրությունների մեխանիզմը, եղել է ախտահարված։ Հիմա մենք պետք է հոգ տանենք, որ ընդհանրապես ընտրությունների մեխանիզմը կարողանանք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից զերծ պահել։ Մենք վերջին օրերին շատ ենք խոսում այս թեմայով, սա նաև թեժ քննարկումների թեմա դարձավ ԱԺ դահլիճում։Ես կարծում եմ՝ հանրային համաձայնություն այս հարցում հնարավոր է, եթե մեր ժողովրդի մեջ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր մասնակից են եղել ընտրական համակարգի ձևախեղմանը, խոստովանեն այդ մեղքը։ Եվ մենք այս արատի դեմ կկարողանանք պայքարել միայն այն դեպքում, եթե որպես հանրություն կկարողանանք խոստովանել և հասկանալ այն ահավոր աղետը, որը մեր երկրում տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում՝ ընտրական համակարգը ձևախեղելու պատճառով։ Եթե չլինի այս խոստովանությունը, եթե մշտապես հանդիպենք արդարացումների, միակ գործուն մեթոդը կմնա պատիժը»,- ասաց նա։ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ պետք է լինի հանրային համաձայնություն՝ մեր երկրից այս ախտը վերացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքներն, ըստ նրա, պետք է վաղուց սկսվեին։ «Պարտավոր ենք օր առաջ սկսել, քանի որ չենք կարող սպասել, թե երբ իրավական համակարգը հերթական օրինակները կբացահայտի։ Եվ կարծում եմ՝ որպես հանրային համաձայնության արտահայտման ձև՝ բոլոր ուժերը, անձինք, ովքեր նպաստել են ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Սա կլինի խոհեմ որոշում մեր հանրության կողմից՝ այս ախտը վերացնելու համար»,- հավելեց նա։ Ընտրական օրենսգրքի նախագիծն, ըստ Կարապետյանի, նպատակ է հետապնդում քաղաքական որոշումների կայացման համակարգը տարանջատել վարչական համակարգից, որպեսզի հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի վրա։ Հակառակ դեպքում, քաղաքական համակարգը բրգաձև է դարձնում մեր հանրային կյանքը։ «Եվ եթե հանկարծ արտաքին ազդեցության է սկսում ենթարկվել, մեր ամբողջ երկիրը դառնում է արտաքին ազդեցության զոհ։ Սա հրատապ հարց է, որը պետք է սկսել լուծել այսօր»,- նշեց պատգամավորը։
17:15 - 18 հունիսի, 2020
Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. Վարազդատ Կարապետյան |armenpress.am|

Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. Վարազդատ Կարապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում կառավարությունը 100 տոկոսով ապահովում է թափանցիկություն:  Պատգամավորը նման տեսակետ հայտնեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում։ «Մենք չունենք վերևից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն: Մեր հանրությունը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ հաղթելու: Եվ բոլորը՝ 3 մլն-ը, պետք է հաղթելու զգացողություն ունենան, որ կարողանանք հաղթել այս իրավիճակում: Ինձ համար հստակ է, որ մեր հանրությունն այդ որոշումը կայացրել է արդեն»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ հազարավոր մարդիկ միացել են այս պայքարում հաղթելու համար: Նա կարևորեց թափանցիկությունը, մասնակցությունը, վստահությունը: Պատգամավորն իր երկու գործըներների հետ ներառված է տնտեսական բլոկի աշխատանքներում, և  կառավարության գործադրած ջանքերը որակեց անգնահատելի: «Ակնհայտ է, որ թափանցիկությունը կառավարությունը 100 տոկոսով պահում է: Այսինքն՝ մեր հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Որպես հաջորդ քայլ, պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ՝ հանրության մասնակցությունն ապահովելու համար»,-ասաց Կարապետյանը:  
19:57 - 12 հունիսի, 2020
Մենք փորձում ենք անձերից անցում կատարել մեխանիզմների․ Վարազդատ Կարապետյան |hetq.am|

Մենք փորձում ենք անձերից անցում կատարել մեխանիզմների․ Վարազդատ Կարապետյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում շարունակվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության և մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության քննարկումը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: «Կարծում եմ` քննարկում ենք առանցքային բարեփոխումներից մեկը, որն արվում է տեղական ինքնակառավարման ոլորտում: Մենք ամիսներ շարունակ հանդիպում ենք տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչների հետ ու քննարկում այն մոդելը, որով, բացի մեր երեք խոշոր համայնքները, մնացած համայնքները ևս կանցկացնեն իրենց ընտրությունները»,-ասաց Կարապետյանը: Նրա խոսքով` այս փուլում ավելի քան 4000 ընտրող ունեցող համայնքների մասին է խոսքը: Կարապետյանն ընդգծեց, որ այս փաթեթը յուրօրինակ համագործակցության ձևաչափ է խորհրդարանում ներկա քաղաքական ուժերի և Կառավարության միջև: «Շատ էական է ընդունելը, որ գործող համակարգը, որտեղ ունենում ենք մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավար, ունի բազմաթիվ խնդիրներ: Մենք ունենք և' շատ լավ օրինակներ, և', ցավոք սրտի, վատ օրինակներ: Մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որոնք կնպաստեն նրան, որ կարողանանք ավելի լավ որոշումների կայացման հնարավորություններ ընձեռել համայնքների համար, հետևաբար նաև ավելի լավ ծառայություն` համայնքների բնակիչների համար»,-ասաց Կարապետյանը: Քաղաքական մեծամասնության պատգամավորի խոսքով` կարևոր է անցում կատարել մարդու դերից դեպի հանրային մեխանիզմների կայացման հնարավորությունների ստեղծմանը: «Վերջիվերջո, պիտի ունենանք մեխանիզմներ, որոնք մեզ թույլ են տալիս ստանալ «ի՞նչ անել» հարցի պատասխանը. ովքեր էլ հավաքվեն խորհրդարանում կամ կառավարությունում, եթե մենք կայացնենք «ի՞նչ անել» հարցի պատասխանը, մշտապես խնդրահարույց է լինելու: Կարծում եմ՝ խնդիրը մեխանիզմների կայացումն է, որտեղ անընդհատ կգեներացվի «ի՞նչ անել» հարցի պատասխանը, իսկ դա առավելապես հնարավոր է մաքսիմալ թափանցիկության և մարդկանց առավելագույն մասնակցությունն ապահովելու միջոցով»,-ասաց նա: Վերջինիս համոզմամբ` ներկայացված փաթեթը «տանում է հենց այդ ճանապարհով»: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:13 - 26 մայիսի, 2020
Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

factor.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։Ըստ օրինագծի՝ առաջարկվում է մինչև 3 ամիս ժամկետով ու 300 հազար դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկառուն ձեռագիր հաստատի, որ տեղյակ է վարկի փաստացի տոկոսադրույքի չափի մասին։ «Սա հավելյալ ազդակ է, որ վարկառուն հասկանա՝ ինչ բեռ է ստանձնում։ Հասկանում ենք, մարդը խուճապահար կարող է գնալ վարկ վերցնելու, որ դեղ գնի, իսկ այս փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելը ևս մեկ ֆիլտր է, որ մարդուն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում»,- ներկայացրեց Արտակ Մանուկյանը։
11:22 - 17 ապրիլի, 2020
Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը

Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին Սիրելի ընկերներ,գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ֊որ բան՝ հող, միջոց... Ինքնակազմակերպվե՛ք։Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարը ու միանգամից գնեք պարարտանյութ։ Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։ Անձամբ ինձ ընդունեք որպես ձեր աշխատող ու միջնորդ։ Ձեր վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջև»։
16:35 - 02 ապրիլի, 2020
Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են բաժնետիրական ընկերությունների ժողովները ևս հեռավար եղանակով իրականացնել: Պատգամավորները փոփոխություն են առաջարկում Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում: «Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ֆիզիկական ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` հեռակա կարգով քվեարկության կամ իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Իրական ժամանակում առցանց քվեարկություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)»-նշվում է առաջարկվող հոդվածում: Ըստ նախագծի` էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շատ ընկերություներ անցել են հեռավար աշխատանքի, սակայն մի շարք ընկերությունների դեպքում օրենսդրությւոնը նման հնարավորություն չի ընձեռում: Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն` ֆինանսական տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ընկերությունները պարտավոր են գումարել տարեկան ընդհանուր ժողով, որտեղ հեռակա քվեարկությունն արգելված է: Ուստի պատգամավորներն այս փոփոխությամբ առաջարկում են հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերի բոլոր ժողովների վրա և ներդնել էլեկտրոնային քվեաթերթիկ հասկացությունն, ինչը հնարավորություն կընձեռի հեռակա քվեարկել:
16:01 - 28 մարտի, 2020
Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

tert.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: Զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ այս օրենքի անհրաժեշտությունը հրատապ է, կարելի է ասել՝ օրահասական, և նպատակն է նվազագույնի հասցնել պետության համար ռիսկերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված օրենքի հրատապությունը, որին ի պատասխան զեկուցողն ասաց, որ ներկայիս օրենսդրությունը չի բխում պետության շահերից, խոցելի է դարձնում պետությունը ցանկացած իրավիճակում․ «Մենք նախորդ տարվա ընթացքում ականատես եղանք, թե որքան թերի է մեր օրենսդրությունը, և որքան կարևոր իրավական գործիքակազմ է բացակայում վեճերի հարթման այն փուլում, երբ պետք է պետության համար կարևոր որոշումներ կայացվեն»։ Հայկ Սարգսյանը կոչ արեց նախագիծը հետ կանչել, և տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու: «Այս մի քանի ամսվա քննարկումները, որոնք ձեր օրենքի նախագծի շուրջ տեղի էին ունենում, կարող էինք այդ ժամանակահատվածը ավելի արդյունավետ օգտագործել և արդեն իսկ զբաղվել օրենսդրական դաշտը բարեփոխելով, և շատ ավելի մեծ աշխատանք կատարած կլինեինք»,-ասաց նա: Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը ո՛չ ինքը, ո՛չ համահեղինակները նախագիծը հետ չեն կանչելու։ «Չափազանց կարևորում եմ նախագիծը և բացառված է, որ ես, որպես համահեղինակ, հետ վերցնեմ: Ես կխնդրեմ, որ ցուցումներ չանեք, թե ինչ կլիներ, եթե սա անեի նախորդ ամիսների ընթացքում: Ես արդեն իսկ որոշակի նախագծեր արել եմ, որոնք ոլորտի բարեփոխումներին են վերաբերում»,-ասաց նա:
15:21 - 18 մարտի, 2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Լսումներին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ քննարկումների առանցքում մասնավորապես լինելու է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Նշվել է, որ քննարկվելու են նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները: «Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել առավել նպատակային, սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ցանցերը, շինությունները, ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով համայնքները բացի իրենց սեփական եկամուտներից կունենան հնարավորություն ձեռք բերած կապիտալը օգտագործելու ավելի լավ ծառայություններ մատուցելուն»,-ընդգծել է Վարազդատ Կարապետյանը: Նա կարեւորել է շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում ընդգծել խորհրդարանի դերը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշել է, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը: Զեկուցողի համոզմամբ՝ Տավուշի մարզում այս միավորումը միայն շրջանային ձեւաչափով իրականացնելու դեպքում հողի օգտագործման տեսանկյունից եւս խնդիրներ չեն առաջանա, դրանք համաչափ կբաշխվեն, քաղաքացիները հավասար իրավունքով հողերից կօգտվեն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է միավորված երկու համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին: Խորհրդարանականները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում հարցադրումներ են բարձրաձայնել խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ յուրաքանչյուր համայնքի խոշորացման դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացու խոսքը պետք է լսելի լինի երկրի օրենսդիր մարմնում. այս համատեքստում նա արժեւորել է հանրություն-խորհրդարան համագործակցությունը: Խորհրդարանականը կարեւորել է ծախսերի արդյունավետությունը, ըստ նրա՝ միավորված համայնքը չպետք է առօրյա հոգսեր սպասարկի, այն պետք է ունենա համայնքների առաջնահերթությունները սահմանող ծրագիր, որը կապահովի տնտեսական զարգացում: ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է համայնքների խոշորացման արդյունքում մարզպետարանների կառուցվածքի ու գործառույթների վերանայման, համայնքի ղեկավարի աշխատանքի գնահատման գործիքակազմի անհրաժեշտության մասին, անդրադարձել խոշորացման գործընթացին հաջորդող քայլերի իրականացման ժամանակացույցին: Նա կողմ է արտահայտվել այս հարցով տեղական հանրաքվեի անցկացմանը: ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի գնահատմամբ՝ պետք է ուսումնասիրել եւ հաշվի առնել ժողովրդի կարծիքը գործընթացի վերաբերյալ: Պատգամավորն անդրադարձել է համայնքներում ներդրումների խրախուսման անհրաժեշտությանը, մարզերի երիտասարդներին տեղում պահելու համար համապատասխան քայլերի իրականացմանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձել են հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսել խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին: Փոխնախարարն ընդգծել է, որ արդեն իսկ 52 խոշորացված համայնք կա: Նա կարեւորել է այդ համայնքներում արդյունավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Բանախոսների համոզմամբ՝ կառավարությունն այս գործընթացում ճիշտ ճանապարհի վրա է:
16:38 - 12 մարտի, 2020
Պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ |armtimes.com|

Պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկում են արգելել սպառողական կրեդիտի (վարկ) տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով: Պատգամավորները միանգամից 3 նախագիծ են շրջանառության մեջ դրել, որոնց միջոցով փորձել են սահմանափակել ու խստացնել վարկային կազմակերպությունների անբարեխիղճ գովազդի գրավչությունը: Ինչպես նաեւ փորձել են կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները: Առաջին նախագծով նախատեսվում է. Սպառողական վարկ տրամադրողները կարող են գովազդել իրենց ծառայությունները միայն իրենց պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում պետք է ներկայացված լինի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չպետք է պարունակի պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չպետք է ստեղծի տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Սույն մասով նախատեսված գովազդը պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի: Միեւնույն ժամանակ պատգամավորներն առաջարկում են, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար պետք է սահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: 2-րդ նախագծով նրանք առաջարկում են առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում արգելել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս ֆինանսական գործառնություններ իրականացնել: Իսկ 3-րդ նախագծով առաջարկվում է առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում, կրպակներում եւ առեւտրի իրականացման վայրերում բանկի կամ վարկային կազմակերպության գլխամասից եւ մասնաճյուղից դուրս ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար տուգանք նշանակել: Պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Իսկ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով (400 հազար դրամ), իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով»: Որպես նախագծերի հիմնավորում Մանուկյանն ու Կարապետյանը նշել են, որ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Նրանք ընդգծել են, որ սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն անթույլատրելի վարքագիծ է հատկապես ֆինանսական գրագիտության ներկա պայմաններում: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ թվացյալ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում բարձրացնում են իրենց գրավչությունը: Իսկ ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ եւ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որեւէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
17:30 - 29 փետրվարի, 2020