Խնդրում ենք շտապօգնությանը դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում․ ՇՕ ծառայության պետ Թագուհի Ստեփանյան
21:06 - 23 մարտի, 2020

Խնդրում ենք շտապօգնությանը դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում․ ՇՕ ծառայության պետ Թագուհի Ստեփանյան

ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նա նշեց, որ եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ։ Հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են։ Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը, Ստեփանյանի վստահեցմամբ, եւս նվազել է․ հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ ՇՕ ծառայության տնօրենն ասաց, որ ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։

Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել եւ այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար:

Թագուհի Ստեփանյանը բոլոր բնակիչներին հորդորեց ու խնդրեց՝ իրենց դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում, քանի որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում:

«Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն եւ կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, եւ այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց ծառայության տնօրենը:

Ի դեպ, նա նշեց, որ ծառայության աշխատողների պարգեւավճարի հարցին անպայման անդրադարձ կլինի, ուղղակի այս պահին դրա ժամանակը չունեն։ Իսկ ծառայության աշխատակիցները հիմա ըստ կարգի վարձատրվում են, մարզեր մեկնելու դեպքում էլ՝ համապատասխան վարձատրություն են ստանում։

ՇՕ ծառայության տնօրենն ասաց, որ ծառայությունն այս պահին կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր չունի, բայց եթե ունենար, ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունն էլ կպակասեր, ախտորոշումն ավելի արագ կլիներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել