Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում. FIP.am-ը հրավիրում է հարցազրույցի |fip.am|
10:15 - 03 հունիսի, 2019

Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում. FIP.am-ը հրավիրում է հարցազրույցի |fip.am|

fip.am։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին կրկին անդրադարձել է FIP.am-ի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հրապարակմանը։

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է «Հայէկոնոմբանկից» իրեն տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է, որ 2018 թ. հունիսի 8-ին Սիմոնյանի պլաստիկ քարտին բացվել էր 16,000 դոլար գումարով վարկային գիծ։ Նույն օրն էլ վերոնշյալ գումարը կանխիկացվել է ամբողջությամբ։ Ըստ Սիմոնյանի, իր RANGE ROVER EVOQUE մեքենան ձեռք է բերել հենց այս գումարի ներգրավմամբ։

Ալեն Սիմոնյանն ավելի վաղ նշել էր, որ RANGE ROVER EVOQUE ավտոմեքենան գնել է հունիսի 12-ին 25,500 դոլարով։ Ըստ Սիմոնյանի պնդումների, նա իր նախկին MITSUBISHI ASX ավտոմեքենան վաճառել է 11,500 դոլարով։

Իսկ մնացած գումարը վճարել է վարկային գծով տրամադրված միջոցների հաշվին (16,000 դոլար)։

Սակայն Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած բանկային տեղեկանքը և դրա վերաբերյալ մեկնաբանությունը նոր հարցեր են ի հայտ բերում՝ կապված ԱԺ փոխխոսնակի հայտարարագրերում առկա տվյալների հետ։

Ալեն Սիմոնյանը պնդում է, թե «այդ ժամանակ (մեքենան գնելու ժամանակ-խմբ.) իր միջոցները չեն բավականացրել, և դիմել է այն բանկին, որտեղ տարիներ շարունակ ունեցել է հաշիվ, և խնդրել է վարկային գիծ (overdraft) բացել»։

Մինչդեռ Սիմոնյանի՝ միջոցներ չունենալու մասին հայտարարությունը չի համապատասխանում իր հայտարարագրերում ներկայացված տվյալներին, քանի որ մայիսին՝ պաշտոնը ստանձնելու օրվա հայտարարագրում, որն Էթիկայի հանձնաժողով է ներկայացվել հունիսին, հստակ նշված է, որ Ալեն Սիմոնյանն ունեցել է 16,200 դոլար և 2 մլն դրամ։

FIP.am-ը, հավանաբար, հետաքննություն չէր իրականացնի, եթե Ալեն Սիմոնյանը պատշաճ կերպով ներկայացներ իր հայտարարագրերը։

Բանկից նոր վարկային գիծ ներառելով՝ ԱԺ փոխնախագահն այդ մասին չի ներկայացնում իր հայտարարագրերում, մինչդեռ այն, ըստ կարգի, պետք է ներկայացվեր նոյեմբերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տարեկան հայտարարագրում։

Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստերը ճիշտ են, ապա ինքը նաև սխալ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ՝ թաքցնելով 16 հազար դոլարի վարկը:

Եթե հաշվի առնենք, որ վարկային գիծը ներգրավվել է մինչև հունիսի 15-ը, այսինքն՝ Էթիկայի հանձնաժողով Ալեն Սիմոնյանի կողմից հայտարարագիր ներկայացնելու օրը, ապա գոնե այդ փաստաթղթում, թեկուզ շփոթվելով, ինչպես, Ալեն Սիմոնյանի պնդմամբ, եղել է մեքենայի դեպքում, պետք է նշում լիներ նաև 16,000 դոլար վարկային պարտավորության մասին։ Իսկ հայտարարագրում նշված է 14 մլն դրամ փոխառություն (այն ներգրավվել է բնակարան ձեռք բերելու համար)։

Հաշվի առնելով ԱԺ փոխնախագահի հայտարարագրերում առկա տվյալները՝ FIP.am-ի թիմը ի գիտություն է ընդունում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշածը, սակայն պնդումը, որը ԱԺ պատգամավորի հայտարարագրերում կեղծ տվյալներ կան, մնում է իրական (և էլ ավելի է հիմնավորվում)։ Խմբագրությունը հրավիրում է Ալեն Սիմոնյանին դեմ առ դեմ հարցազրույցի, որը կհեռարձակվի առանց խմբագրման, ցանկության դեպքում՝ ուղիղ եթերով, FIP.am-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել